05-12-2016 15:17

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

«Այո՛, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձևաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի», – ասաց Զոհրաբյանն ու ավելացրեց, որ մանրամասներն առաջիկայում կհրապարակի Գագիկ Ծառուկյանը:

Նա նաև նշեց, որ Գագիկ Ծառուկյանը միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել:

Նա չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել ԲՀԿ-ն։

«Դա մեր ցանկությունն է, դա եղել է մեր առաջակը, որ պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բայց առաջիկայում նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, և բոլոր հարցերի պատասխանը կտա», – նշեց Զոհրաբյանը։