Բավ է պառակտվել
10-04-2014 20:39

2015-ի վերջին և 2016-ի սկզբին ՀՀ-ում կկայանան Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Այսօր ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ` ներկայացնելով ՍԴ բաեփոխումների հայեցակարգի նախագիծը հայտարարեց. «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն մինչև հուլիսի 1-ը: Այսպես է նախատեսված. Հուլիսի 1-ից հետո մենք պետք է սպասենք նախագահի արձագանքին փաստաթղթի վերաբերյալ: Այն պահից, երբ ընդունվեց, գալիս է հաջորդ փուլը` տասն ամսվա ընթացքում մենք պետք է ներկայացնենք մշակված բարեփոխումների փաթեթը, որը ներկայացնելուց հետո դրանք պետք է գնան համապատասխան քննարկումների, նաև պառլամենտական քննարկումների»: Վերջինս նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը, հստակեցրեց, որ Սահմանադրական փոփոխություններ կարող են նախաձեռնել ՀՀ նախագահը կամ ՀՀ Ազգային ժողովը: «Եթե ՀՀ նախագահն է նախաձեռնողը, ապա դա պետք է ներկայացնել պառլամենտ, պառլամենտը հավանություն տա, նոր պառլամենտի հավանության պարագայում նախագահը նշանակում է հանրաքվե»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը: Նա նաև ասաց, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է կայանալ 2015-ի վերջին և 2016-ի սկզբին: Եզրափակելով զրույցը հանձնաժողովի նախագահն ասաց.
«Ավելի ուշ իրականացնելը ես համարում եմ ոչ տրամաբանական` նկատի ունենալով, որ 2017-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, իսկ 2018-ին` նախագահական: Առնվազն գոնե մեկ տարի առաջ այդ փոփոխությունները պետք է կատարվեն, անցումային դրույթներ մշակվեն, որ կայուն զարգացում ապահովվի»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: