18-11-2017 15:29

Եվրախորհրդարանը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը. Ադրբեջանի սադրանքը ձախողվել է

Նախօրեին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև, որով արդեն երկրորդ անգամ ուղիղ տեքստով ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները, 2017թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանում նման բանաձև արդեն ընդունվել էր, երբ Բրյուսելում Հայաստանի մշտական ներկայացուցչության ջանքերով Եվրախորհրդարանն առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Կանխվել է նաև Ադրբեջանի ձեռնարկած մասշտաբային նենգափոխումների փորձը, որի նպատակն էր հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի չեզոքացումն ու Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններին վնասելը:
2017թ. մարտի 21-ին Հայաստանն ու ԵՄ-ն վավերացրեցին ընդգրկուն և համապարփակ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որը Հայաստանը ծրագրում է ստորագրել նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:
Ադրբեջանական կողմը գործադրել է մաքսիմալ ջանքեր՝ բանաձևի հիմնական ուղերձն ու տրամաբանությունը փոխելու համար: Մասնավորապես, այն իրեն հատուկ « լավացքատան» ոճով հասել է այն բանին, որ բանաձևի նախագծին ավելացվել են ավելի քան 20 լրացումներ, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման և Հայաստանի դեմ: Այդ լրացումները Ղարաբաղը ներկայացրել են իբրև Ադրբեջանի մաս և պարունակել են նաև ադրբեջանամետ այլ ձևակերպումներ, ու ներկայացրել են փախստականների վերադարձի և այլ պահանջներ:
Հայկական կողմի գործողությունների և եվրոպական կողմի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ, լիագումար նիստին տեղի ունեցած քվեարկության արդյունքում, Եվրախորհրդարանում ՀՀ մշտական ներկայացուցչության համառ աշխատանքի շնորհիվ հաջողվեց կանխել Ադրբեջանի կողմից առաջարկված բոլոր ապակառուցողական լրացումների ընդունումը:
Բանաձևի տեքստում հաջողվեց կանխել նաև այնպիսի դրույթների ներառումը, որտեղ Հայաստանը քննադատության էր ենթարկվում ԵՏՄ-ին անդամակցելու համար: Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետությունը դիտարկվեց իբրև ԵՄ-ն և ԵՏՄ միմյանց կապող կարևոր օղակ: