Բավ է պառակտվել
29-05-2014 20:43

Եվրասիական տնտեսական միությունում ո՞րն է Հայաստանի շահերը. Ն. Զոհրաբյան

Եվրանտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, դիմելով արտգործնախարարության ներկայացուցիչ Կարեն Նազարյանին, ՀՀ ԱԺ նիստում հետաքրքրվեց` ո՞վ և ե՞րբ է ներկայացնելու և պաշտպանելու Հայաստանի շահերը` հղում անելով Աստանայում նախագահ Նազարբաևի այսօրվա հայտարարությանը:

՛՛Նազարբաևի այսօրվա հայտարարության մեջ հստակ ասվում է` Եվրասիական տնտեսական միությունը սպասարկում է երեք պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի շահերը: Որտե՞ղ է Հայաստանի շահը, ընդհանրապես մենք շահեր ունենք, դրանք ինչ-որ մեկը ներկայացնելու և պաշտպանելո՞ւ է, որովհետև սա շատ ամբիցիոզ հայտարարություն է, թե այս տարածքը հետապնդում է միայն այդ երեք պետությունների շահերը՛՛,- հետաքրքրվեց Ն.Զոհրաբյանը` նշելով, որ այս հայտարարությունը առավել մտահոգիչ է այն փաստի ֆոնին, որ մինչև հունիսի 15-ը Հայաստանը միանալու է այդ պայմանագրին:

Արտգործնախարարության ներկայացուցիչը սակայն այդպես էլ հստակ պատասխան չտվեց, նա նշեց, որ առաջին օրն է այդ պաշտոնում և որ ինքը այնքան էլ կոմպետենտ չէ այդ հարցին պատասխանելու համար: Իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բացակայությունն էլ հարգելի որակեց, քանի որ նա մեկնել է Աստանա:
Զոհրաբյանն իր խոսքում ևս մեկ անգամ մտահոգությունն արտահայտեց այն կապակցությամբ, թե խորհրդարանականները իրավունք ունեն իմանալու ինչ է կատարվում և ինչ զարգացումներ են լինելու: Նրա խոսքով` այսօրվա որոշ հայտարարություններ լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս, քանի որ պարզ չի, թե Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն ինչպիսին է լինելու և որտեղ են լինելու սահմանակետերը Ղարաբաղի հետ:

՛՛Ո՞վ է բացատրելու խորհրդարանին ու ժողովրդին` ի վերջո Լեռնային Ղարաբաղը լինելո՞ւ է այդ տնտեսական տարածքում, թե՞ ոչ՛՛,- նշեց նա: