05-09-2016 12:38

Արցախի հզորացումը կախված է ՀՀ-ում համակարգային փոփոխություններից. Թևան Պողոսյան

Պայմանները, որոնք պետք է իրականացվեին Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները շարունակելու համար, չեն կատարվել, ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հանդիպմանը:

«Մենք տեսե՞լ ենք մինչև այսօր ԵԱՀԿ դիտորդական առաքելության ավելացում՝ ոչ: Տեսե՞լ ենք հետաքննող մեխանիզմների ներդրում՝ ոչ: Փաստորեն նույնիսկ այն պայմանները, որոնք պետք է հիմք դառնային նույն բանակցությունների շարունակությանը, չեն արվել», - ասաց ԱԺ պատգամավորը:

Անդրադառնալով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառմանը, թե «Ղարաբաղում հնարավոր է հասնել խաղաղության»՝ Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ այսպիսով համանախագահը փորձում է մեսիջ ուղարկել՝ իրենք աշխատում են:

«Պարոն Ուորլիքն առաջին ամերիկացի համանախագահն է, որին նշանակել են 24 ժամ, շաբաթական 7 օր ռեժիմով: Դրանից առաջ բոլոր ամերիկացի համանախագահներն ունեցել են այլ պարտականություններ և դրան զուգահեռ եղել են նաև համանախագահ: Այնպես որ, նա պետք է ասի, որ ամեն բան հնարավոր է, որ իրենք աշխատում են և դրանով մեսիջ են ուղարկում՝ «խնդրում ենք մի մտեք մեր դաշտ»», - ասաց Թևան Պողոսյանը:

Ըստ նրա՝ առավել կարևոր է հայկական կողմից կատարվող աշխատանքը՝ տնտեսության հզորացումը, եղած բացերը լրացնելը:

«Մենք բոլորս տեսնում ենք, թե ով է մեր թշնամին ու ինչ քաղաքականություն է վարում: Այնպես որ, պետք է կատարենք մեր տնային աշխատանքը՝ պետք է պատրաստ լինենք ոչ միայն համապատասխան հակահարված հասցնենք, այլև պետք եղած ժամանակ իրագործենք այն հայտնի գաղափարը, որ լավագույն պաշտպանությունը՝ հարձակումն է: Շատ բաներ Արցախում այլ են, բայց պետք է գիտակցել, որ առանց հզոր Հայաստանի Արցախը հզոր չի լինելու ու պետք է զարկ տանք Հայաստանի հզորացմանը, իսկ դրա համար պետք է համակարգային փոփոխություններ կատարվեն և այսօրվա իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց հեռանալու ժամանակն է», - ամփոփեց ԱԺ պատգամավորը: