08-02-2017 14:55

Լապշինին Բաքու արտահանձնելը Ադրբեջանի և Բելոռուսի միջև կեղտոտ գործարքի արդյունք է. Է. Շարմազանով

Լապշինի արտահանձնումը խայտառակ քայլ է, և Ադրբեջանի ու Բելոռուսի միջև կեղտոտ գործարքի արդյունք է: Չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հայ-բելոռուսական խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը:
Երեքշաբթի օրը Բելոռուսի Գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Լապշինին՝ Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության որոշումը:
Նույն օրը երեկոյան, բլոգերը Մինսկից հատուկ չվերթով հասցվել էր Բաքու, և փոխանցվել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին:
2016 թ. դեկտեմբերի կեսերին Լապշինը գրել էր, որ ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա գտնվում է «սև ցուցակում»՝ առանց Ադրբեջանի ղեկավարության հետ խորհրդակցելու Լեռնային Ղարաբաղ իր այցելության համար:
«Մենք միշտ էլ ասել ենք, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացը պետք է խաղաղ լինի, բայց երկու երկրների միջև կնքված այս կեղտոտ գործարքը կոպտորեն խախտում է դեմոկրատական արժեքները, տեղաշարժվելու և արտահայտվելու իրավունքները, ինչպես նաև չի տեղավորվում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու տրամաբանության մեջ»,- ասել է Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Բելոռուսի կատարած քայլը բնորոշ չէ դեմոկրատական ռեժիմներին և հակասում է ոչ միայն հայ-բելոռուսական, այլ նաև ռուս-բելոռուսական հարաբերություններին, քանի որ Լապշինը Ռուսաստանի քաղաքացի է:
« Ես, իբրև հայ-բելոռուսական ընկերության խմբի համանախագահ հայտարարում եմ, որ այս խայտառակ քայլն ու կեղտոտ գործարքը չի բխում մեր հարաբերությունների շահերից, ղարաբաղյան խաղաղ կարգավորումից: Սա Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է, և հարված՝ դեմոկրատական արժեքներին, քանի որ ոչ մի դեմոկրատական ռեժիմ չէր կարող նման քայլի գնալ»,- ասել է Շարմազանովը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ տվյալ պահին նպատակահարմար չի գտնում բելոռուսական կողմի հետ տվյալ հարցի քննարկման նպատակով բանակցային սեղանի շուրջ նստելը, «քանի որ կոմիտեն Բարեկամության խումբ է կոչվում, իսկ սա ամենևին բարեկամական քայլ չէ»: