19-01-2017 17:40

Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ ընդունված որոշման համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն է, և առաջին երկիրը, որն կնշանակի իր ներկայացուցչին, Հայաստանն է:

«Նախորդ տարի նշվել էր, որ ռոտացիան ուժի մեջ կմտնի 2017 թ.-ի հունվարի 1-ից, և պետք է նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, սակայն Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կողմերը համաձայնության չեն եկել և լրացուցիչ ժամանակ են պահանջել` այդ հարցը հաջորդ հանդիպմանը քննարկելու համար», - ասաց Քոչարյանը:

Ընդ որում, նա հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ղազախստանը խոչընդոտում է Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը տվյալ պաշտոնում` ընդգծելով, որ Բելառուսում նախագահի բացակայությունը հերթական հանդիպման ժամանակ նորից թույլ չտվեց գլխավոր քարտուղար ընտրել:

Արդյունքում, նրա խոսքով, հունվարի 1-ից գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է, իսկ լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա տեղակալը:

«Այս հարցը պետք է հստակեցվի ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովին: Ընդ որում, գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանում է Հայաստանը և հենց կոնսենսուսային որոշում կայացվի, կնկշանակվի հայկական կողմի ներկայացուցիչը», - ասաց Քոչարյանը: