13-05-2017 12:39

Այսօր «լռության օր» է՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ

Այսօր Երևանում «լռության օր» է հայտարարվել, կիրակի օրը կայանալիք ավագանու ընտրություններից առաջ:
Հայաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն, մայիսի 13-ին տեղական ժամանակով ժամը 24.00-ին լրացել է ապրիլի 21-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամանակը: Կեսգիշերից սկսված, ցանկացած տիպի քարոզչություն արգելվում է: Դա արվում է, որպեսզի ընտրողն առանց արտաքին ճնշումների կարողանա կողմնորոշվել, թե որ քաղաքական ուժին է տալու իր ձայնը:
Ընտրատեղամասերը կբացվեն մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 8:00-ին և կգործեն մինչև 20:00-ն: Ընտրացուցակներում ներառված է 842 147 քաղաքացի:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ընդդիմադիր «Ելք» դաշինքը, և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: « Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ « Երկիր ծիրանի» կուսակցությանը՝ նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն ՀՀ մայրաքաղաքի քաղաքապետին ընտրում է ավագանին, որը կազմավորվում է քվեարկության համամասնական համակարգով անցկացվող համաքաղաքային ընտրությունների միջոցով:
Օրենսդրության համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստացել է տեղերի 50%-ից ավելին, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն էլ համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրված պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից, կամ եթե ոչ մի կուսակցություն 50%-ից ավել տեղեր չի ստանում, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու անդամների գաղտնի քվեարկությամբ:
Երևանի ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով և կազմված է լինում 65 անդամից: Ներկայիս ավագանու մեջ մտնում է երեք խմբակցություն՝ «ՀՀԿ»-ն, «ԲՀԿ»-ն և ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցությունը: Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնավարում է 2011 թվականից: