17-02-2014 13:58

"Բուդաղյանների ներպետական մակարդակով արդարության հասնելու հույսերը չարդարացան". փաստաբան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ ինքը դիմել է Վերաքննիչ դատարան` բողոքարկելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` կասեցնելու գործի քննությունը, մինչև քննիչը կներկայացնի գործին առնչվող բոլոր նյութերը: «Ես արդեն ասել եմ` ինչ պայմաններում են անցել նախաքննությունը: Դատարանում բողոքարկելով քննիչի գործողությունները` հույս ունեինք, որ արդարարադատություն կիրականացվի, սակայն այս 4 ամիսների ընթացքում մենք տեսանք, որ դժվար է դատարանից արդարադատություն սպասել հատկապես այն դեպքում, որ այդ մարդիկ հովանավորություն են վայելում»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը դիմել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով քննիչի երեք որոշումները: Նրանք բողոքարկել են քննիչի երկու որոշումները, որոնք վերաբերում էին Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն: Երրորդ որոշումը, որը նրանք բողոքարկել են, վերաբերում էր մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն: Դատարանը կասեցրեց բողոքի քննությունը:
«Դատավորը կասեցնում է, փոխարենը քննիչից պահանջի, որն արդեն 4 ամիս է` հրաժարվում է դա անել: Դատարանը ձախողեց մեր բողոքի քննությունը»,-շնեց Հայկ Ալումյանն ու հավելեց, որ քննիչը ցանկություն չունի գործի բոլոր նյութերը ներկայացնել:
«Հույս ունեինք արդարության հասնել ներպետական մակարդակով, բայց չստացվեց: Պատրաստվում ենք դիմել Վճռաբեկ դատարան, որից հետո էլ հնարավոր է Եվրադատարան: Առաջիկայում շատ քայլեր ունենք, որոնց մասին դեռ չեմ ցանկանում խոսել: Առնվազն 3 մարդ մեղավոր է ու պետք է պատասխան տա»,-ավելացրեց Բուդաղյանների փաստաբանը և ընդգծեց, որ իրենք շատ վճռական են տրամադրված: