13-05-2014 13:06

Կայացել են ՀՀ-ի և Ֆրանսիայի նախագահների բանակցությունները (լուսանկարներ)


Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրա¬պնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրա¬պետության միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:

Ֆրանսիայի Նախագահը Նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է Ֆրանսիայի «Արժանիքների համար» ազգային շքանշանով:
Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես՝ ստորագրվել են «Համագործակցության գերատեսչական համաձայնություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ՖՀ գյուղատնտեսության, գյուղմթերքների և անտառային տնտեսության նախարարի միջև», «Մտադրությունների նամակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի և ՖՀ ներքին գործերի նախարարի միջև՝ բնական և տեխնածին աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության մասին», «ՀՀ-ում ավտոտրանսպորտային միասնական պատուհանի ներդրման և գործարկման կոնցեսիոն համաձայնագիր», «Համագործակցության համաձայնագրի արձանագրություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև՝ Վեդիի հիդրո-գյուղատնտեսական ծրագրի վերաբերյալ», «Առևտրային պայմանագիր Պրոգրես ագրո ընկերության և Ռիշել գրուպ ընկերության միջև՝ բանջարեղենի արտադրման բանջարանոցների մասին»:

Կողմերի միջև փոխանակվել է «Ընդունման նամակ ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի հետ կապված աշխատանքների մասին»: Ֆրանսիայի Նախագահի այցի շրջանակներում այսօր կստորագրվի նաև «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»: Նախագահի նստավայրում ստորագրման արարողությունից հետո, Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում: