08-08-2017 15:41

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում քաղաքագետն ԱՄՆ-ի ակտիվացումն է ակնկալում

Մոտ ժամանակներս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է ԱՄՆ-ի ակտիվության աճ նկատվի, նման կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
« Իր դիրքերը ամրապնդելու նպատակով բանակցային գործընթացում մեծ ակտիվություն դրսևորելը ԱՄՆ-ի շահերից է բխում: Բայց որևէ լուրջ առաջընթաց ակնկալել պետք չէ, որովհետև բոլոր կողմերն էլ հասկանում են, թե ինչ բարդ է այս կոնֆլիկտը»,- երեքշաբթի օրը կայացած ասուլիսին այս մասին ասել է արևելագետը :
Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծել է, որՎրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներին մասնակցությունից Ադրբեջանի հրաժարվելը հավանաբար կապված է Ղարաբաղի շուրջ ծավալվող գործընթացների հետ:
« Տվյալ քայլը ուղղված էր Ռուսաստանին: Այդպիսով Ադրբեջանը փորձում է շոշափել և ամրապնդել իր դիրքերը: Դա կարող է պայմանավորված լինել Ղարաբաղի շուրջ գործընթացների ակտիվացմամբ»,- ասել է քաղաքագետը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: