Բավ է պառակտվել
18-05-2015 14:31

Սյունիքի մարզպետի պատճառով ՀՀ ԱԺ-ում լուրջ վեճ է տեղի ունեցել (տեսանյութ)

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ քառօրյային խոսեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպի մասին և նշեց, որ  նրա ընտանիքը իրական սպառնալիք է ներկայացնում հասարակության համար: Այսօր խորհրդարանի նիստում իր ելույթի ժամանակ Փոստանջյանը նշեց, որ Գորիսում տեղի ունեցած պատահարում , որի հետևանքով մի երիտասարդ զրկվեց իր աչքից, կա նաև ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի մեղքի բաժինը:
«Հիշում եք, որ ես շրջանառության մեջ էի դրել հայտարարության նախագիծ, որը վերաբերում էր այն ժամանակ Սյունիքի նախկին մարզպետի կատարած ծանր հանցագործություններին, որ նա դատապարտված է եղել: Դուք այդ նախաձեռնությունը չդրեցիք շրջանառության մեջ: Հիմա նորից նրա որդին ընդգրկված է վիճաբանության մեջ, որի հետևանքով մեկ երիտասարդ կորցրել է աչքը, մյուսն էլ առողջական խնդիրներ ունի: Կարծում եմ՝ այս մեղքի բաժնի մի մասը նաև դուք եք կրում»,-ասաց նա և նշեց, թե Սուրիկ Խաչատրյանին համապատասխան պատժամիջոց տալու փոխարեն վերանշանակեցին, և այդ պաշտոնավարման հետևանքով նա դարձել է հասարակության համար սպառնալիք: «Հիմա չեք պատրաստվո՞ւմ այդ նախագիծը օրենքով դնել շրջանառության մեջ»,-հարցրեց նա: Գալուստ Սահակյանը նշեց, թե դա ԱԺ-ի քննարկման հարց չէ և նշեց, թե առաջիկայում հաշվետվությամբ հանդես է գալու ՀՀ գլխավոր դատախազը, ում է կարող են այդ հարցերն ուղղել: «Ինչ վերաբերում է այդ երևույթներին, որ շրջանառվում է, կարծում եմ, որ բոլորն էլ դատապարտում են, եթե հանցակազմ կա, պարզապես պետք է հանցագործը պատժվի»,-ասաց նա:
Իր հերթին Գալուստ Սահակյանը նշեց, որ պատգամավորի կողմից ներկայացված դիմումի նախագիծը մեղադրական եզրակացությունն է, իսկ ինքը գտնում է, որ ԱԺ-ն դատարան չէ: Խոսնակը նշեց, որ Փոստանջյանի դիմումը կմտնի շրջանառության մեջ միայն այն ժամանա, երբ այն կոռեկտ լինի և մեղադրանքներ չպարունակի: Իր հերթին պաշտոնաթող գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը սկսեց տեղից բղավել Փոստանջյան վրա: Պատգամավորների հակամարտությունը շարունակվեց նաև միջանցքում՝ 20 րոպե տևողությամբ ընդմիջման ժամանակ: Սարոյանը պահանջեց Փոստանջյանից «չկպնել» Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին: Երկու պատգամավորների վեճը ուղեկցվում էր Սարոյանի կողմից հնչեցրած վիրավորանքներով և տհաճ արտահայտություններով: Իսկ լրագրողների դիտարկումները էլ ավելի հունից հանեցին պաշտոնաթող գեներալին: Վեճը շարունակվեց նաև նիստերի դահլիճում: Սարոյանը շարունակում էր բղավել Փոստանջյանի վրա՝ վիրավորելով և սպառնալով նրան, և պահանջում էր, որպեսզի պատգամավորը հեռանա դահլիճից և երբեք չվերադառնա: Ի պատասխան Փոստանջյանը սպառնաց, որ կդիմի ոստիկանություն: