03-04-2017 21:37

Ընտրությունների թափանցիկության տեսանկյունից ՀՀ-ն գերազանցեց մի շարք արևմտյան երկրների. ԱՊՀ առաքելության ղեկավար

Ընտրական գործընթացների բաց և թափանցիկ լինելու տեսանկյունից ՀՀ-ն գերազանցեց մի շարք արևմտյան երկրների: Երկուշաբթի օրը Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջինն է, որտեղ ընտրական գործընթացներում ներմուծել են նորարարություններ և տեխնոլոգիաներ, որոնք ընտրական գործընթացներն ավելի բաց և թափանցիկ են դարձրել՝ խոչնդոտելով տարատեսակ ընտրախախտումներին:
«Դա մեծապես ծառայեց իր նպատակին, չնայած այն բանին, որ տեխնիկական նորարարությունները ինչ-որ տեղ դժվարացրեցին ընտրական գործընթացը, մանավանդ մեծահասակների համար: Սակայն տարած աշխատանքը թույլ է տալիս հայտարարել նվազագույն սխալի մասին»,-ասել է Լեբեդևը, հավելելով, որ բոլոր թերությունները կշտկվեն համակարգի գործարկումից հետո:
Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ Հայաստանում անցած ընտրությունները բաց էին, և ապահովել են քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը:
Ինչ վերաբերվում է ադմինիստրատիվ ռեսուրսներ կիրառելու վերաբերության հայտարարություններին, ապա ԱՊՀ առաքելությունը գտնում է, որ դրանք նորմայի սահմաններում էին, քանի որ պաշտոնատար անձինք կատարել են իրենց ֆունկցիոնալ պարտականությունները:
« Բաց և թափանցիկ ընտրությունների տեսակետից Հայաստանը գերազանցեց որոշ արևմտյան երկրների, որոնք մեզ սովորեցնում են կազմակերպել ընտրական գործընթացները: Հայաստանի փորձը շատ օգտակար կլինի, մենք այն կուսումնասիրենք, և հնարավոր է, որ որոշ ասպեկտներ փոխառենք ԱՊՀ երկրներ»,- ասել է Լեբեդևը:
Ապրիլի 2-ին Հայաստանում անցել են 6-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցել են հինգ կուսակցություն և չորս կուսակցական դաշինք: Դրանք առաջին համապետական ընտրություններն են՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնցով նախատեսվում է 2018թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին:
ԿԸՀ նախնական տվյալների համաձայն 2009 ընտրատեղամասերի ձայների հաշվարկից հետո 6-րդ գումարման ԱԺ անցնում է չորս քաղաքական ուժ՝ իշխող Հանրապետական կուսակցությունը, որը հավաքում է ձայների 49,12% ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 27,32%, «Ելք» դաշինքը 7,77%, ՀՅ Դաշնակցությունը 6,57%: