26-09-2016 14:14

Հայաստանն իր սպառազինությամբ չի զիջում Ադրբեջանին. Տոնոյան

Նոր ռազմական տեխնիկայի, հրթիռային համալիրների ձեռքբերմամբ Հայաստանը չի լուծում ուժերի հավասարակշռության խնդիրը, այլ ձգտում է առավելության, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

«Ինչ վերաբերում է նոր ռազմական տեխնիկային, մասնավորապես, հրթիռային համալիրներին... մենք հավասարակշռության հարց չենք լուծում, մենք պետք է գերազանցենք մեր հակառակորդին` զսպող դեր կատարելու համար: Միշտ հարկավոր է առավելություն ունենալ: Այդ համալիրները ավելի շուտ կանխարգելիչ դեր են տանում, քան զսպող», - ասել է Տոնոյանը:

««Իսկանդեր M» հրթիռային համալիրները Հայաստանի Հանրապետության սպառազինությունն է, որը ձեռք է բերվել մեր բյուջետային ծախսերի հաշվին: Հայաստանի Զինված ուժերը ամբողջությամբ վերահսկում են այդ համալիրները», - ասել է նա:

Տոնոյանը նաև նշել է, որ Ռուսաստանը կատարում է իր դաշնակցային պարտավորությունները ռազմական տեխնիկայի առումով: «Վարկային համաձայնագրի շրջանակում հայկական Զինված ուժերում շատ լուրջ վերազինում է իրականացվում», - հայտարարել է նա:

Տոնոյանը նաև նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում չեն խախտել որևիցե հրթիռային տեխնոլոգիաների սահմանափակման կամ համաձայնագրերի որևիցե մի կետ:

«Այն, ինչ որ մենք ունենք, չի խախտում որևիցե համաձայնագիր Ռուսաստանի, նաև՝ Հայաստանի պարտավորություն»:

«Իսկանդեր M»-ի հեռահարությունը բավարար է, որպեսզի խոցվեն ցանկացած հակառակորդի կրիտիկական նշանակություն ունեցող օբյեկտներ», - պարզաբանել է նա:

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորահանդես, որի ընթացքում ներկայացվեցին «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համակարգերը, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Տոչկա-Ու» և «Էլբրուս» մարտավարական հրթիռային համակարգերը, С-300 զենիթահրթիռային համալիրները, 152-մմ «Գիացինտ» թնդանոթը` կրակի բարձր հեռավորությամբ, ռադիոէլեկտրոնային պայքարի կայաններ, տանկեր, հետևազորի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայաններ, հակատանկային և դաշտային հրետանի, «Գրադ» ՀԿՌՀ-ներ, WM-80, ՀՕՊ համակարգեր, հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր և այլն։