28-09-2017 14:28

ՀՀ-ն չպետք է շտապի կարծիք հայտնել Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի վերաբերյալ. Մանոյան

Պաշտոնական Երևանը չպետք է շտապի Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական կարծիք հայտնել: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ՀՅԴ « Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների ավելի քան 90%-ը կողմ հանդես եկան անկախ պետություն ստեղծմանը:
« Հայաստանը Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ պետք է կշռադատված դիրքորոշում ընդունի: Հարկավոր է սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը: Չնայած դրան, մենք միշտ պետք է ուշադրության կենտրոնում պահենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման հետ կապված գործընթացները»,- ընդգծել է փորձագետը:
Մանոյանի խոսքերով, պաշտոնական Երևանի կշռադատված քաղաքականությունը պետք է պայմանավորված լինի այն փաստով, որ մինչ այս պահը պարզ չէ, թե ինչ է պատրաստվում անել հանրաքվեից հետո բուն Քուրդիստանը:
«Դեռ պարզ չէ, թե ինչպես են ծրագրում օգտագործել հանրաքվեի արդյունքները Քուրդիստանում՝ անկախություն հռչակել, և սպասել Իրանի իշխանությունների և տարածաշրջանի այլ երկրների արձագանքի՞ն, թե՞ բանակցությունների միջոցով հարաբերություններ ստեղծել պաշտանական Բաղդադի հետ»,- ասել է Մանոյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ Իրաքի իշխանություններն ու Իրաքյան Քուրդիստանի տարածքային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և կգտնեն առկա խնդիրները լուծելու հնարավորություն:
Մանոյանի խոսքերով հարկավոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ Քուրդիստանում կան նաև հանրաքվեի հետ կապված ներքին տարաձայնություններ:
«Քուրդիստանի ներսում հանրաքվեի հետ կապված լուրջ տարաձայնություններ կան, գուցե դրանք չեն վերաբերվում դրա էությանը, բայց անպատճառ վերաբերվում են անցկացման ժամանակին: Գոյություն ունեն նաև ներքին քաղաքական հարցեր, որոնք ստվեր են նետում հանրաքվեի լեգիտիմության վրա»,- նշել է Մանոյանը:
Դրանց թվում նա նշել է այն փաստը, որ Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին այժմ ղեկավարում է ՝ առանց համապատասխան իրավասությունների, քանի որ նրա նախագահության ժամկետը լրացել է ավելի քան երկու տարի առաջ: Չի գործում նաև Քուրդիստանի խորհրդարանը, որի նախագահն արդեն տևական ժամանակ է չի կարողանում մուտք գործել մայրաքաղաք Էրբիլ:
Քուրդիստանի շրջանը դեռևս 2014 թվականից պատրաստվում էր անկախության հանրաքվեի: Այդ ժամանակ առաջին անգամ ծրագրվում էր իրականացնել այն, սակայն դրան խոչնդոտեց « Իսլամական պետության» գրոհայինների ներծուժումը Իրաք:
Իրաքի պաշտոնական իշխանությունները հայտարարել են, որ երբևէ չեն ճանաչի հանրաքվեի արդյունքները:
Հանրաքվեին դեմ են հանդես եկել ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Իրանը: Իսրայելն առայժմ միակ պետությունն է, որ պաշտոնապես աջակցություն է հայտնել հանրաքվեին: