03-03-2014 09:40

ՙՂրիմի անկախացման պարագայում Մոսկվան այլընտրանք չի ունենա, քան նույն սկզբունքի կիրառումը նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում՚. քաղաքագետ

ՙՈւկրաինայի ճգնաժամը թևակոխել է մի փուլ, երբ երկրի ապագան մեծապես կախված է արդեն ոչ թե երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններից, այլ նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կցուցաբերեն արտաքին խաղացողները, ինչպիսի փոխհամաձայնություն ձեռք կբերվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև՚,-նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արամ Մանուկյանը news,gisher.ru-ի հետ զրույցում: Փորձագետի խոսքով՝ Մոսկվան թվացյալ պասսիվությունից հետո արդեն ակտիվացել է և փորձում է հասկացնել իր աշխարհաքաղաքական հակառակորդներին, որ ոչ մի պարագայում թույլ չի տալու անտեսել Ուկրաինայում ունեցած իր կենսական շահերը: ՙՌուսաստանի համար առաջնային նշանակություն ունի Սև ծովում ռազմական ներկայացվածության պահպանումը: Սա բխում է նաև Հայաստանի Հանրապետության շահերից, քանի որ Ռուսաստանը մեր ռազմական թիվ մեկ դաշնակիցն է և վերջինիս ռազմական կամ տնտեսական թուլացումն անմիջական բացասական ազդեցություն կունենա նաև ՀՀ ազգային անվտանգության ապահովման վրա՚,-ընդգծեց քաղաքագետը: Անրադառնալով Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններին, Արամ Մանուկյանն ասաց, որ այդ գործընթացները ՀՀ-ի համար հետաքրքրություն են ներկայացնում նաև այն պատճառով, որ այն , ինչպես Լեռնային Ղարաբաղը, առանց տեղի բնակչության կամքը հաշվի առնելու խորհրդային իշխանությունների կողմից ժամանակին բռնակցվել է Ուկրաինային, ընդ որում անտեսելով այն հանգամանքը, որ տեղի բնակչության մեծամասնությունը ազգությամբ ռուսներ էին: ՙՆերկայումս Ղրիմում տեղի ունեցող գործընթացները ինչ-որ չափով հիշեցնում են Ղարաբաղյան շարժումն իր սկզբնական փուլում: Միաժամանակ պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ Ղրիմի անկախացման կամ ինքնավարության ընդլայնման պարագայում Մոսկվան այլընտրանք չի ունենա, քան նույն սկզբունքի և մոտեցման կիրառումը նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ այլևս միջազգային ասպարեզում ռուսական կողմի համար դժվար կլինի տարբեր մոտեցումներ ցույց տալը՚,-նշեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները զգալի բացասական ազդեցություն կունենան նաև Սիրիայի ճգնաժամի հաղթահարման վրա: ՙՓետրվարի 21-ին Յանուկովիչի, ընդդիմության ներկայացուցիչների, միջազգային ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը փաստորեն չգործեց, հետևաբար Ասադը քաջ կգիտակցի, որ իր կողմից զիջումների գնալու դեպքում ևս ձեռք բերվող համաձայնությունները կարող են չգործել և անվտանգության երաշխիքները կարող են մնալ միայն թղթի վրա, ինչը հետ կպահի Սիրիայի պաշտոնական կառավարությանը բանակցությունների ընթացքում զիջումների մարտավարություն կիրառելուց՚,-եզրափակեց Արամ Մանուկյանը: