25-12-2013 14:43

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանն ամփոփում է տարին

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անցնող տարին ամփոփեց նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանը: Վերջացող տարում իշխանությունն, ըստ իրեն 13 էական ներքին և արտաքին քաղաքական, նաև տնտեսական ձախողումները թույլ տվել. «Կարող եք ավելացնել, վիճարկել, բայց կրճատել չեք կարող»,- նշեց նա և սկսեց ներքին քաղաքական զարգացումներից, որոնցից առանձնացրեց երկուսը՝ նախագահական և ավագանու կեղծված ընտրությունները։ Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, առանձնացրեց նկարահանող արագաչափ սարքերի գոյությունը, նույնը նաև կարելի է ասել վճարովի կայանատեղիների համար նախատեսված կարմիր գծերի մասին։ Շարունակելով ձախողումների դասակարգումը, ընդգծեց. «Հաջորդ ձախողումը նույնպես մասնավորի գրպանը գնացող կուտակային կենսաթոշակի գործընթացն է։ Իսկ սրանք բոլորն էլ քաղաքացիներից գումար կլպելու որոշումներ են եղել, ոչ մեկի արդյունքում աշխատատեղ չի ստեղծվել, արդյունք չի եղել»:

Ըստ Ա.Մանուկյանի, տնտեսական բնագավառի ձախողումների շարքը գլխավորում է գազի գինն ու «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասի վաճառքը ռուսական «Գազպրոմին». «Դա ամենամեծ սկանդալն է, ամենանարժանապատիվ, նվաստացնող գործընթացը։ Սա տարվա վերջին ամենամեծ քյալագյոզությունն էր, որովհետև այսպիսի գործարք, նվաստացում, խեղճացնող՝ հայ ժողովուրդը չի ունեցել, անգամ ծանր ժամանակներում։ Սա լուրջ քրեական գործ է, պետք է լինել հետևողական, և սա շատ ջուր է քաշելու, և անօրինական քվեարկությունը հաստատելու համար»,- ասաց նա։
Հաջորդ սկանդալը, ըստ նրա, վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային պատմությունն էր, որը «առ այսօր կախված է օդում»։ «Դա այնպիսի սկանդալ է, որ վարչապետը պետք է հինգ անգամ գոնե հրաժարական տար»,- ասաց նա։
Արամ Մանուկյանի խոսքով՝ հաջորդը ՀԱԿ-ի բացահայտումն էր երկրում տիրող կոռուպցիայի մասով։ «Հայաստանի Հանրապետությունում համատարած կոռուպցիա է, որը քայքայում է երկիրը։ Տարածաշրջանում կոռուպցիոն մակարդակն ամենաբարձրերից է»,- ավելացրեց բանախոսը:
Շարունակելով խոսքը, հերթը հասավ արտաքին երեք հիմնական ձախողումներին. «Իշխանությունը սեպտեմբերի 3-ին խայտառակ եղավ իր կտրուկ շրջադարձից, ինչը շոկի մեջ գցեց ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին նաև միջազգային հանրությանը»,-ասաց նա և պնդեց, թե, դրանով նախագահ Սերժ Սարգսյանը ուղղակի ցույց տվեց, թե որքան անվստահելի գործընկեր է։

Ձախողումների շարքը, ըստ պատգամավորի, լրացնում են ՌԴ-ի հետ հարաբերությունները, որոնք նրա համոզմամբ՝ նվաստատցուցիչ են և ժողովրդի, և իշխանության համար:
Իրանի հետ հարաբերութունները տնտեսական հաջորդ լուրջ խնդիրն է։ «Գազային այս սկանդալը, որը տեղի ունեցավ վերջին մեկ ամսում։ Իրանը մեր վստահելի գործընկերներից է և այսպիսի վերաբերմունք ուղղակի չէր կարելի դրսևորել»,-նշեց նա՝ ավելացնելով, որ ոչ պակաս կարևոր ձախողում համարեց հայոց լեզվի նկատմամբ նույն իշխանությունների վերաբերմունքը։

«12 անհաջողությունների համագումարում ամենավատ արդյունքը արտագաղթն էր, իմ հաշվարկներով գնացած-չեկածների թիվը, կկազմի 150 հազար մարդ, հոկտեմբերին 240 հազար էր գնացել, ես կարծում եմ, որ արտագնա աշխատանքի գնացած 100 հազարը կվերադառնան, բայց թիվը կկազմի 150 հազար, որը ամենամեծ թիվն է, հայ ժողովրդի խաղաղ պայմաններում ապրած ժամանակ»,- ասաց նա։