21-05-2014 17:21

Առաջին անգամն է, որ կառավարության ծրագրից կառավարության հոտ է գալիս. Հ. Բագրատյան

Այսօր, կառավարության 3-ամյա ծրագրին հավանություն տալու հարցի քննարկմանը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել է, թե առաջին անգամ է, որ կառավարության ծրագրից կառավարության ծրագրի հոտ է գալիս և առաջին անգամ է, որ կառավարության ծրագրում կան կետեր, որոնց համար պայքար է եղել շուրջ 20 տարի:
«Նախորդ կառավարության հետ մենք 6 տարի կորցրել ենք, նախորդ կառավարությունը չի հասկացել , որ 2007 թվականից սպառվել են վերականգնողական աճի հնարավորությունները, խրախուսում էր առաջարկը, երբ որ պետք է խրախուսեր պահանջարկը և ճիշտ հակառակը»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ նախորդ կառավարությունը, որը «ընդլայնողական» , «զսպողական» և այլ անիմաստ բառակապակցություններ էր օգտագործում, ծրագրերում նյութ չի ունեցել, ինչ արդյունքում 6 տարում 8 տոկոս աճ է գրանցվել, այն դեպքում, երբ Ադրբեջանը 1,5 անգամ մեզնից առաջ է ընկնում:

Հրանտ Բագրատյանին դուր է գալիս, որ ավելացրած արժեքի հարկը սահմանին չի հարկվելու: Դա մի համակարգ Է, որը մտել է Հրանտ Բագրատյանի վարչապետությունից հետո:

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Հրանտ Բագրատյանը կառավարությանը զգուշացրեց, որ վարձու աշխատանք գյուղատնտեսության մեջ չի կարելի կիրառել: Ըստ այդմ՝ գյուղատնտեսությունը պետք է լինի «ընտանեկան, սեփական, ոչ վարձու աշխատանքի վրա հիմնված գործունեություն»: