24-06-2014 15:20

Երեկ ոստիկանները հանցագործություն կատարեցին քաղաքացիների նկատմամբ.Ա. Ղուկասյան

Այսօր ոստիկանության աշխատակիցների ծնողներին, եղբայրներին ու քույրերին բաց նամակ է ուղղել քաղաքագետ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նամակում մասնավորապես գրված է.
«Բաց նամակ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հայրերին, մայրերին, եղբայներին եւ քույրերին
Oրինական հավաքների անցկացմանը խոչընդոտելը հանդիսանում է քրեական հանցագործություն։ Այն պատժվում է տուգանքով, կալանքով կամ ազատազրկմամբ։
Երեկ ամբողջ հանրությունը ականատես եղավ, թե ինչպես ձեր որդիները կամ եղբայրները հանցագործություն կատարեցին խաղաղ քաղաքացիների նկատմամբ։
Ոստիկանությունը կազմակերպված օրինական ուժ է։ Երբ այդ ուժը կանգնում է հանցավոր ճանապարհին, այն դառնում է հանրության համար ավելի վտանգավոր, քան ցանկացած ահաբեկիչ։
Մենք բոլորս տեսանք, թե ինչպես Կիեւում տեղի ունեցան արյունալի բախումներ հանրության եւ ոստիկանության միջեւ։ Բայց ոչ բոլորն են նկատել, որ այդ բախումներին նախորդել են նմանատիպ իրադարձություններ, երբ «Բերկուտի» աշխատակիցները կատարեցին հանցավոր հրահանգներ եւ ամբողջ հանրության համար դարձան թշնամի։
Կարծում եմ, որ մենք Հայաստանում դեռ կարող ենք շտկել իրադրությունը եւ խուսափել ապագայում հանրության եւ ոստիկանության միջեւ արյունալի բախումներից։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ձեր որդիները եւ եղբայրները այսօր պատանդ են վերցված իրենց հանցավոր ղեկավարության կողմից, բայց դուք՝ իրենց հարազատները, ունեք իրավունք եւ կարող եք բողոքի ձայն բարձրացնել ոստիկանության քրեականացման քաղաքականության դեմ։
Ձեր հարազատների անվտանգությունը այսօր գտնվում է ձեր ձեռքերում։
Ակնհայտ է, որ ոստիկանության քրեականացման քաղաքականությունը մի օր Հայաստանում էլ բերելու է նրան, որ քաղաքացիները ստիպված կլինեն կրակել ոստիկանների վրա։ Ամբողջ հանրությունը այդ ժամանակ դիտարկելու է ձեր որդիներին եւ եղբայրներին որպես հանրության թշնամի։
Պատասխանատվությունը, որ իրադարձությունները նման զարգացում չունենան՝ գտնվում է մեր բոլորիս ուսերին։
Ես վստահ եմ, որ ամբողջ քաղաքացիական հանրությունը այսօր պատրաստ կլինի համախմբվել ձեր օրինական պահանջի շուրջ՝ զերծ պահել ոստիկանությանը քրեական հրամաններ կատարելուց։
Անձամբ ես պատրաստ եմ անել ամենն, ինչ անհրաժեշտ կլինի, որպեսզի ձեր ձայնը լսելի դառնա ամբողջ հանրությանը։
Միայն ընդհանուր ջանքերով մենք կարող ենք կանխել ուրվագծված սպառնալիքը»: