09-08-2014 09:43

Ադրբեջանի վերջին օրերի ագրեսիան դատապարտում են ԱՄՆ կոնգրեսականները

Asbarez-ը փոխանցում է, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները արձագանքել են Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի սահմանին իրականացրած ագրեսիային և երկարատև խաղաղություն հաստատելու կոչ են արել: Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանն ու Դևիդ Չիչիլինեն հայտարարություններ են տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ: «Երկու տասնամյակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրում է Ադրբեջանի դիպուկահարների կրակի մշտական սպառնալիքի տակ, իսկ Ադրբեջանը փորձում է վերահսկողություն վերահաստատել հիմնականում հայաբնակ այդ շրջաններում: Անցած շաբաթ ադրբեջանական ուժերը դարձյալ հարձակումներ են իրականացրել շփման գծում, որի պատճառով զոհեր են գրանցվել երկու կողմերում:
Բռնության վերջին դեպքերը պետք է խստորեն դատապարվեն, և ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանի իշխանությանը կոչ անի հրաժարվել դիպուկահարների կիրառումից, հատկապես՝ քաղաքացիական անձանց դեմ, և ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը պետք է կասեցվի, քանի դեռ Ադրբեջանը չի արել դա»,-ասված է Շիֆի տարածած հայտարարության մեջ:

Շարունակվող ագրեսիան միայն վտանգի տակ կդնի 20 տարի առաջ հաստատված հրադադարը: Քանի որ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը պատրաստվում են մեկնել Ռուսաստան, ես հույս ունեմ, որ Ադրբեջանը կհամաձայնվի վերջ դնել այդ հարձակումներին՝ մեղմելու աճող բռնություններն ու խուսափելու հետագա մարդկային կորուստներից»,-հավելել է Չիչիլինեն:

«Ես խորապես ցավում եմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանին բռնության դեպքերի և մի քանի հայ ու ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ: Ես ապշել եմ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի աշխատակազմի վրա իրականացված հարձակումից՝ Հայաստանի սահմանային գյուղում և Բաքվի՝ դիպուկահարների տեղակայման որոշումից: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Ադրբեջանը զերծ կմնա դիպուկահարների հետագա կիրառումից՝ փոխարենը մասնակցելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ արդյունավետ բանակցություններին»-ընդգծել է Շերմանը:

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսմամբ և հույս ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղությունը վերականգնելու ճանապարհը գտնել: Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի իշխանության կողմից դիպուկահարների հարձակումները, որոնք ուղղակի հրադադարի համաձայնագրի և միջազգային իրավունքի խախտումներ են, և ես ցնցված եմ ադրբեջանական ուժերի կողմից Կարմիր խաչի ներկայացուցիչների դեմ իրականացրած հարձակման մասին տեղեկություններից: