07-06-2014 09:45

Ինչո՞ւ է լարված սահմանը

News.gisher.ru-ն ներկայացնում է , նախօրեին Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլի հետ «Հայկական ժամանակ»-ի զրուցը՝ վերջին շրջանում Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող լարված մթնոլորտի մասին:
- Տիկին Փոլ, որոշ փորձագետներ հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում վերջին օրերին եղած լարվածությունը սրվում է Ուկրաինայում և Սիրիայում ընթացող գործընթացներին զուգահեռ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքնին բավական զգայուն խնդիր է: Այս համատեքստում պատերազմի վերսկսում տեսնո՞ւմ եք:
- Ուկրաինայի կոնֆլիկտը վատթարացնում է տարածաշրջանում եղած առանց այդ էլ լարված մթնոլորտը, քանի որ և Հայաստանը, և Ադրբեջանը դրանից նյարդայնանում են, այսինքն, այն դերը, որը խաղում է ՌԴ-ն, այս հարցում նյարդայնացնող է: Ռուսաստանը, օգտագործելով իր կապերը, ուրիշներին դարձնում է ավելի նյարդային: Բացի սա, բոլորին հայտնի է, որ եթե խաղաղ գործընթացը սառեցվում է, երբ երկու երկրների նախագահները չեն հանդիպում, սահմանում իրավիճակը շատ ավելի դժվար է դառնում, և հրադադարի խախտումները հաճախակիանում են:
- Տեսակետներ են շրջանառվում, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում է փորձում լուծել հակամարտությունը և դա անելու է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: Հայաստանին և Ադրբեջանին նույն միություն մտցնելը հնարավո՞ր է խնդրի լուծում լինել:
- Համաձայն եմ, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին և Ադրբեջանին միավորել իր նպատակներին հասնելու համար: Բանը նրանում է, որ Ռուսաստանը ոչ պատերազմ է ուզում, ոչ էլ խաղաղություն, քանի որ այսօրվա վիճակը օգտակար է իր համար: Հնարավոր է Ռուսաստանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, որտեղ լարվածությունը բարձրանում է այն աստիճանի, որ Կրեմլի գործոնը դառնում է «միջազգային խաղաղապահական»: