17-06-2014 18:09

Հայ և ադրբեջանցի պատգամավորները կրկին սկանդալի կենտրոնում են

Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև հերթական սկանդալն է տեղի ունեցել: Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

«Rose-Roth» սեմինարի հերթական քննարկումը նվիրված է եղել Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Քննարկումների ընթացքում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ասել է, որ աջակցում են Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը։
«Մենք այստեղ խոսում ենք կայունության, գործընկերության մասին, իսկ Ադրբեջանը մեզ օկուպանտ է անվանում։ Մենք կայունություն ենք ուզում, այլ ոչ պատերազմ»,-ասել է նա։

Նրան հակադարձել է ադրբեջանական պատվիրակության անդամ Գուդրաթ Հասանգուլիևը և պահանջել է «դադարեցնել կեղծավորությունը»։
«Ես ևս մեկ անգամ ասում եմ՝ Հայաստանը քաղաքական կամք չունի։ 1999թ.-ին խորհրդարանում հրապարակային գնդակահարությունից հետո հայերի մոտ կենդանական վախ է առաջացել ռուսական հետախուզության հանդեպ»,-ասել է նա։

Նրան հակադարձել է հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը։ «Դուք հայտարարում եք, թե Հայաստանը կենդանական վախ է զգում։ Ի պատասխան կասեմ՝ Հայաստանի քաղաքական և տնտեսական թուլության պատճառը Հայաստանի դեմ Ադրբեջանի կիրառած շրջափակումն է»,-ասել է նա։

Սեմինարի վարողը հայ պատգամավորի ելույթին խանգարել է և թույլ չի տվել ավելի կոշտ ելույթ ունենալ։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի ելույթը նույնպես զայրացրել էր ադրբեջանական կողմին: Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ վերջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է 20 անգամ, և դա որակել որպես տարածաշրջանում իրական վտանգ: Նա պահանջել էր կառույցից այդ առիթով խիստ արձագանք տալ։