Բավ է պառակտվել
15-02-2016 15:25

ՌԴ-ում գրանցվել է «Զիկա» վիրուսով վարակման առաջին դեպքը

Դոմինիկյան Հանրապետությունում հանգստացող ՌԴ քաղաքացին վարակվել է «Զիկա» վիրուսով: Այս մասին հայտնում են Ռոսպոտրեբնադզորից: Նշվում է՝ սա առաջին դեպքն է, որ ՌԴ քաղաքացին վարակվել է այս վիրուսով: Վերադառնալով Մոսկվա՝ քաղաքացու մոտ որևէ նշաններ չեն եղել, մի քանի օրից նրա ինքնազգացողությունը վատացել է, ջերմությունը բարձրացել, մաշկին ցան է առաջացել: Կինն անհապաղ հոսպիտալացվել է, ներկա պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Մասնագետները նաև նրա ընտանիքի անդամներին են զննել. Ուսումնասիրության արդյունքում վիրուսի նախանշաններ չեն հայտնաբերվել: Բացի այդ, «հակահամաճարակաբանական անհրաժեշտ միջոցառումներ» իրականացվել են ինքնաթիռում, որով նա վերադարձել է Դոմինիկյան Հանրապետությունից: «Ուղևորների առողջությանը որևէ վտանգ չի սպառնում»,- հայտնել են Ռոսպոտրեբնադզորից: «Զիկա» վիրուսի տարածողը մոծակի մի տեսակ է, որը կոչվում է Aedes aegypti: Վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, գլխացավեր, հոդացավեր, բորբոքային գործընթացներ, առանձին դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, խանգարումներ և ցավեր ստամոքսում: Հիվանդության այս տեսակը մարդուց մարդուն չի անցնում: «Զիկա» տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տևում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վիրուսը արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն հայտնաբերվում է ավելի երկար: Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում: Տեղեկություններ կան, որ հղիության ընթացքում վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գանգը զգալիորեն փոքր է լինում, այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով: