31-10-2016 12:38

Հայաստանում գրիպի բռնկման վտանգ այս պահին չկա. գլխավոր վարակաբան

Հայաստանում այսօրվա դրությամբ գրիպի հարուցիչներ չեն գրանցվել, հայտարարեց ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

«Այսօր Հայաստանում տարածված է միայն ռինովիրուսը: Այս հիվանդությունը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հարբուխի ախտանշաններով, ընդհանուր թուլությամբ և այլն: Այդուհանդերձ, առայժմ վարակվածության մակարդակը չի հասել վտանգավոր սահմանագծի», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ասոյանը:

Նրա խոսքով, վարակվածների թվում կան ինչպես մեծեր, այնպես էլ երեխաներ, որոշ հիվանդների մոտ գրանցվել են հիվանդության բարդացումներ` ընդհուպ մինչև թոքաբորբ, հայմորիտ, այդուհանդերձ, անհանգստանալու կարիք չկա:

Նա խորհուրդ է տվել քաղաքացիներին թույլ չտալ ՍՇՎ-ով հիվանդ երեխաներին հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, մեծահասակներին` չգնալ աշխատանքի (միայն ամենածայրահեղ դեպքերում) և պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ: «Պետք է իմանալ, որ ութ ժամը մեկ այդ դիմակները անհրաժեշտ է փոխել, քանի որ դրանք շատ արագ կորցնում են զտիճ հատկությունները», - ընդգծեց Ասոյանը:

Նրա խոսքով, ինչպես և յուրաքանչյուր աշուն, այս տարի ևս օդակաթիլային վարակներից Հայաստանում գրանցվել են ջրծաղկի և քութեշի դեպքեր: «Այնուամենայնիվ, հիվանդություններից ոչ մեկը հիվանդների քանակի տեսանկյունից առայժմ լուրջ անհանգստությություն չեն առաջացնում», - ընդգծեց Ասոյանը: