Բավ է պառակտվել
07-10-2015 12:01

Տեսողական խնդիրների 80%-ը բուժվող է. Ակնաբույժ

Եթե տեսողության հետ կապված խնդիրները կանխարգելվեն ժամանակին, ապա կույրերի թիվն աշխարհում շատ ավելի քիչ կլինի: Այսօր, Տեսողության և կուրության դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ, այս մասին ասաց Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի աչքի էքսիմեր լազերային վիարբուժության բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը: Մասնագետը տեղեկացրեց, որ տոնը նշվում է 1989 թվականից և դրա նպատակը տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց վրա ուշադրություն հրավիրելն է:
Մասնագետը նկատեց, որ մեր օրերում՝ հեռուստացույց դիտելու և համակարգչով երկար աշխատելու արդյունքում շատ տարածված է դարձել կարճատեսությունը, որը նախկինում հնարավոր չէր լիովին շտկել, սակայն այժմ վիրահատության արդյունքում տեսողությունը հարյուր տոկոսով վերականգնվում է:
Մասնագետը նշեց, որ կուրության հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ անվերադարձ կուրության հանգեցնող և բուժվող հիվանդություններ:
«Կան հիվանդություններ, որոնց պարագայում տեսողությունը հեշտ վերականգնվում է: Մասնավորապես ծերունական կատարակտան հեշտ վիրահատվում է, տեղադրվում է ներակնային ոսպնյակ և հիվանդ մարդու տեսողությունը լիովին վերականգնվում է»:
Մասնագետը նշեց, որ տեսողությունը բարելավելու համար պետք է աչքի վարժություններ անել՝ պարբերաբար հայացք նետել հեռու և մոտիկ կետերի:
Իսկ համակարգչի առաջ երկար նստելու պարագայում, պետք է ժամանակ առ ժամանակ փակել աչքը, որպեսզի ակնաբիբը խոնավանա և ոսպնյակի լարվածությունը թուլանա:
Ինչ վերաբերվում է խնդրի հոգեբանական մասին, ապա հոգեբան Դոնարա Խանոյանը ասաց, որ ֆիզիկական կուրություն ունեցող մարդիկ շատ զգայուն հոգեկերտվածք ունեն: Նրանց մոտ շատ զարգացած են մյուս զգայարանները և դրանք կարծես թե փորձում են ինչ-որ կերպ փոխհատուցել ֆիզիկական տեսողության բացակայությունը:
Նշենք, որ այսօր աշխարհում կա 290 միլիոն կույր , որոնցից 39 միլիոնը անվերադարձ կույր են, իսկ 19 միլիոնը երեխաներ են:
Ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը նշեց, որ տեսողական խնդիրների միայն 20%-ն է բերում անդառնալի կուրության, միայն թե անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետի:

Մարինե Բարսեղյան