15-10-2016 14:39

Երշիկն ու նրբերշիկը մեծացնում են ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը

Երշիկի եւ նրբերշիկի կանոնավոր օգտագործումը մեծացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը: Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Քարոլինայի համալսարանի մասնագետները՝ ուսումնասիրելով նախկինում արված մի քանի հետազոտություններ:

Գիտնականների խոսքով՝ աղեստամոքսային տրակտի վիճակի վրա ազդում է հենց սննդակարգը, իսկ վերամշակված միսը եւ դրանից պատրաստված մթերքները չափազանց վտանգավոր են մարսողական համակարգի համար:

Մասնագետները հայտարարել են, որ երշիկում եւ նրբեշիկում հայտնաբերված քիմիական նյութերն իսկապես մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը, ընդ որում՝ այդ վտանգը մեծապես կախված է օգտագործված մթերքի քանակությունից: Ովքեր երշիկ կամ նրբերշիկ են ուտում ամեն օր, ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը 15-38%-ով ավելին է, քան ընդհանրապես նման մթերք չօգտագործողների մոտ:

Այսօր ստամոքսի քաղցկեղը բուժել հնարավոր է, բայց գիտնականները հիշեցնում են, որ այն կանխարգելելն ավելի դյուրին եւ էժան է:

Հիշեցնենք, որ վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերամշակված կարմիր միսն ու դրանից պատրաստված մթերքները (երշիկ, նրբերշիկ, խոզապուխտ) ներառել է քաղցկեղածին մթերքների ցանկում:

ԱՀԿ-ի մասնագետները պնդում են, որ օրական նույնիսկ 50 գրամ վերամշակված մսի օգտագործումը 18%-ով մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը: Ավելին, իրենց հաշվետվությունում մասնագետները «հնարավոր քաղցկեղածին» են կոչել նաեւ սովորական կարմիր միսը՝ նշելով, սակայն, որ դրանում նաեւ օգտակար նյութեր կան (պրոտեին, երկաթ, В12 վիտամին):