Բավ է պառակտվել
27-02-2014 18:50

Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կանայք կարող են անվճար բուժօգնություն ստանալ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը հայտարարել է Կանանց առողջության պահպանման միամսյակ, որի շրջանակներում կանայք հնարավորություն կստանան անվճար մասնագիտական խորհրդատվություն ստանալ, հարկ եղած դեպքում բուժվել կամ նույնիսկ վիրահատվել։

Նա տեղեկացրեց, որ Երեւանի առաջատար կլինիկաների մասնագետները այցելելու են պոլիկլինիկաներն ու բուժ հիմնարկները՝ մարզերում եւ Երեւանում։ Կատարվելու են հետազոտություններ, հիվանդանոցային բուժօգնություն, նաեւ վիրահատություններ, որոնք իրականացվելու են անվճար:

՛՛Կանայք կարող են այցելել ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի քաղաքների բուժհաստատությունները, իսկ գյուղաբնակ կանայք պետք է գնան քաղաք, քանի որ որակյալ հետազոտությունների համար անհրաժեշտ են գործիքներ եւ լաբորատորիաներ, որոնք գյուղերում չկան՛՛,-նշեց Վահան Պողոսյանը։

Իսկ եթե մարզաբնակ կնոջ մոտ հայտնաբերվեն այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել միայն Երեւանում, ապա նրան կուղեգրեն մայրաքաղաքի մասնագիտացված կենտրոններից մեկը։

Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում հասանելի կլինեն ոչ միայն մանկաբարձ-գինեկոլոգներ, այլ նաեւ այլ մասնագետներ, մասնավորապես՝ ակնաբույժներ, նյարդաբաններ, սրտաբաններ եւ էնդոկրինոլոգներ, որոնց տրամադրելու են համապատասխան պրոֆիլային բժշկական կազմակերպությունները։