Բավ է պառակտվել
21-06-2014 14:01

Այսօր բուժաշխատողի օրն է

Այսօր բուժաշխատողի օրն է: Օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ուղերձ է հղել ոլորտի ներկայացուցիչներին. «Սիրելի բուժաշխատողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Մասնագիտական տոնն առիթ է ոչ միայն ամփոփելու առողջապահական համակարգի ձեռքբերումները, մատնանշելու խնդիրները, այլև հրաշալի հնարավորություն` երախտիքի անկեղծ խոսք հղելու մեր բազում բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ովքեր, բարձր պահելով սպիտակ խալաթը կրողի պատիվը, գիշեր ու զօր մեծ նվիրումով են իրականացնում իրենց աշխատանքը:
Յուրաքանչյուր օր առողջական ամենատարբեր խնդիրներով հարյուրավոր քաղաքացիներ են դիմում բուժհաստատություններ` ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հաճախ աննկատ է մնում, թե որքան կյանքեր են փրկվում, որքան մարդիկ են բժշկի օգնությամբ հաղթահարում իրենց առողջական խնդիրներն ու տանջող ցավը:

Մարդասիրական իրենց առաքելությունը կատարող բուժաշխատողներն այդ մասին չեն մտածում։ Կոչումով բժշկի համար առաջնայինն իրեն դիմած հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելն է, նրա առողջությունը վերականգնելը, ամենակարևորը` կյանքեր փրկելը: Բժիշկը եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունից առաջ երդվում է։ Դրանով նաև պարտավորվում է մասնագիտական պարտականությունները կատարելուց բացի գթասրտությամբ վերաբերվել հիվանդին, երբեք չմոռանալ, որ գործ ունի նրա կյանքի ու ամենաթանկ արժեքի` առողջության հետ։
Նախարարությունն իր առջև խնդիր է դրել տարբեր ծրագրեր իրականացնել, որպեսզի բուժաշխատողները մասնագիտական իրենց պարտականությունները կատարելիս իրավական առումով ավելի ապահովված զգան։ Միաժամանակ մեծ ջանքեր պետք է գործադրենք, որ իրենց նվիրումին, կատարած ամենօրյա դժվարագույն աշխատանքին համապատասխան ու արժանապատիվ վարձատրվեն։
Մեր տոնի կապակցությամբ ուզում եմ սրտանց շնորհավորել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր գործընկերներին։ Բոլորին մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ պատասխանատու, նվիրական գործում»: Gisher.news-ն ևս միանում է շնորհավորանքներին ու առողջության պահապաններին մաղթում անկոտրուն առողջություն: