05-03-2014 17:58

«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիան մեկնարկում է առաջիկա երկուշաբթի օրվանից

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիս ընթցքում քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ներկայացրեց քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան, որն այս տարի Երևանի քաղաքապետարանն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Այս տարի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիային մասնակցում են Երևանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ ենթակայությունից, այդ թվում նաև մասնավոր բժշկական կենտրոններ։
Կամսար Բաբինյանը նշել է, որ այս տարի ակցիան առավել ընդգրկուն է և ներառում է բազմաճյուղ հետազոտություններ, ստացիոնար բուժում և վիրահատություններ, իսկ ոչ մատչելի հետազոտություններից ներառված է միայն համակարգչային տոմոգրաֆիան, որի սարքավորումը Երևանի քաղաքապետարանն անցյալ տարի է ձեռքբերել։
«Առողջական խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է դիմեն ամբուլատոր պոլիկլինիկաներ։ Առաջնային զննումից հետո, տեղամասային բժշկի ցուցումով, անհրաժեշտության դեպքում քաղաքացին կուղեգրվի ստացիոնար հիվանդանոց՝ մասնագիտական հետազոտությունների կամ բուժման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատության»,- նշել է Կամսար Բաբինյանը։
Ակցիային կարող են մասնակցել միայն երևանաբնակ կանայք՝ անձնագրով ներկայանալով համաբուժարաններ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետը ներկայացրել է նաև նախորդ տարվա Երևանի քաղաքապետարանի անցկացրած անվճար բուժօգնության «Ձեզ համար, կանայք» և «Երևանյան ամառ» ակցիաների արդյունքները. այդ 2 ակցիաներից օգտվել է 9800 քաղաքացի, կատարվել է 470 վիրահատություն։ Կամսար Բաբինյանը հավելել է, որ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում անվճար բուժօգնության ակցիա այս տարի ևս ներառված է։