Բավ է պառակտվել
18-01-2014 13:54

Անպտուղ զույգերի նոր հույսը

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ Հայաստանում 18-40 տարեկան ամեն 6-րդ զույգը տառապում է անպտղությամբ: Բանխոսը ցավով նշեց, նաև, որ ոչ բոլոր զույգերն այսօր ունեն միջոցներ համապատասխան մասնագետներին դիմելւո համար:
«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ օգնության է եկել «Արագիլ» հիմնադրամը, որը կից է Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիային և իր գործունեությունը ծավալում է 2013 թվականից»,-ասաց Էդուարդ Համբարձումյանը:

Ասուլիսի մյուս հյուրը՝ «Արագիլ» հիմնադրամի փորձագետ Կարինե Թոխունցը տեղեկացրեց, որ հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյանում են զուտ բարերարների ֆինանսական փոխանցումներից:

««Արագիլ» հիմնադրամը վերարտադրողական առողջության ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է: Մինչ օրս ունենք 300 զույգ, որոնք դիմել և գրանցվել են: Մենք վերցնում ենք այն զույգերին, որոնց ընտանիքի ամսական եկամուտը չի գերազանցում երկու հարյուր հազար դրամը,-ասաց Կարինե Թոխունցը, ավելացնելով,- ներկա պահին մենք ունենք 22 զույգ՝ որպես շահառու: Աշխատանքը կաող ենք հաջողված համարել, քանզի արդեն ունենք ծնված մեկ եռյակ, երկու հղիություն, որոնցից մեկը զույգ է»:

Տիկին Թոխունցը նաև նշեց, որ անպտղություն ունեցող զույգերի քանակը շատ մեծ է, բայց հիմնադրամը բոլորին մեկ փորձի հնարավորություն տրամադրում է:

«Գումարային ամենաբարձր շեմը, որ մենք կարող ենք փոխանցել՝ 1.600.000 դրամ է: Դա իր մեջ ներառում է բուժման ամբողջ ընթացքը»,-ընդգծեց Կարինե Թոխունցը: