01-10-2014 11:30

ԱՄՆ-ում առաջին էբոլա վիրուսով վարակման դեպք է գրանցվել

Միացյալ Նահանգների տարածքում առաջին անգամ Էբոլա վիրուսով հրահրվող հիվանդությամբ վարակման դեպք է ախտորոշվել: Այս մասին տեղեկացրել է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Թոմ Ֆրիդենն : Տղամարդը Դալասի (Տեխասի նահանգ) հիվանդանոցներից մեկում խիստ մեկուսացման մեջ է պահվում:
Համաձայն տեղեկությունների, հիվանդը որոշ ժամանակ առաջ Լիբերիա է այցելել: Տեղեկություններ չեն հաղորդվում նույնիսկ այն մասին, թե արդոք նա Միացյալ Նահանգների քաղաքացի է հանդիսանում: Ֆրիդենի փոխանցմամբ, Լիբերիա մեկնելու նպատակը «ազգականներին այցելելն է եղել»: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի ղեկավարը չի բացառում, որ ԱՄՆ վերադառնալուց հետո հիվանդը նաեւ այլ մարդկանց է վարակել: «Սակայն ես կասկած չունեմ, որ երկրում հիվանդության տարածումը կանխելու հնարավորություն կունենանք», - հայտարարել է նա:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, սա առաջին դեպքն է, երբ մահացու վտանգավոր վիրուսով վարակման փաստը Միացյալ Նահանգների տարածք վերադառնալուց հետո է բացահայտվում: Ավելի վաղ մարդասիրական առաքելություն իրականացնելու նպատակով աֆրիկյան երկրներ մեկնած չորս ամերիկացի բժիշկներ Էբոլայով վարակվելուց հետո հայրենիք են վերադարձվել՝ բուժման համար, սակայն բոլոր հիշյալ դեպքերում երկրի իշխանությունները նախօրոք տեղյակ են եղել հիվանդության առկայության մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալներով, հեմոռագիկ տենդի համաճարակի զոհերի թիվը Արեւմտյան Աֆրիկայի երկրներում այլեւս 3 հազարի սահմանագիծն է հատել, իսկ վարակման դեպքերի թիվն ավելի քան 6200 է կազմում: