07-02-2017 14:07

Այսօր Համաշխարհային սարդոստայնում հայոց այբուբենի օգտագործման հնգամյակն է

Հայ ինտերնետ օգտատերերն այսօր նշում են Համաշխարհային սարդոստայնում հայոց այբուբենի օգտագործման հնգամյակը։

Ինչպես նշեց Հայաստանի օմբուդսմենի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը, հինգ տարի առաջ Հայաստանում լայնորեն կիրառվում էր տրանսլիտերացիան, ինչը երբեմն զավեշտի էր հանգեցնում։

«Բոլորն օգտվում էին տրանսլիտից, ինչի արդյունքում ծիծաղելի իրավիճակներ էին ստեղծվում։ Այսպես, «սեխ» բառը կարդացվում էր որպես «sex»»,– երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց Եգանյանը։

Հենց նա 2012 թվականին առաջարկեց փետրվարի 7–ը նշել որպես Համացանցում հայոց այբուբենի օգտագործման օր, քանի որ, ըստ նրա, հայկական այբուբենը համացանցում ոչ պահանջված էր դառնում։

Նրա խոսքով, այս տարիներին դրական տեղաշարժ կա, նախևառաջ, տեխնիկական աջակցության իմաստով։ Շարժմանը միացել են բլոգերներ և պաշտոնատար անձինք, կազմակերպություններ։

Տեղեկատվական անվտանգության փոխձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ տրանսլիտ են օգտագործում` փորձելով թաքցնել անգրագիտությունը։

«Սա համալիր լուծում պահանջող խնդիր է` պետք է ավելի շատ կարդալ հայերեն, դպրոցներում սովորեցնել տեքստեր հավաքել մայրենի լեզվով»,– ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետը կարծում է, որ բացի հայրենասիրական դրդապատճառներից, տրանսլիտից չի կարելի օգտվել նաև, որովհետև այն դժվար է ընթերցվում և գրության համար չկան հստակ չափանիշներ: Նա նաև հերքեց գաղտնեգործական տեսություններն այն մասին, թե տրանսլիտով գրվածը հասանելի չէ, օրինակ, ադրբեջանցիներին:

«Ում որ պետք է, գտնում են մասնագետների և ապակոդավորում են ցանկացած հաղորդագրություն, այնպես որ` կարևոր տեղեկության համար ավելի հուսալի կապի միջոցներ կիրառեք», - խորհուրդ տվեց Մարտիրոսյանը: