Բավ է պառակտվել
21-03-2014 19:44

Գիտնականները հայտնաբերել են Գալակտիկայի խոշորագույն կրկնակի դեղին աստղը

Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղագետները հայտնաբերել են տիեզերքի խոշորագույն աստղերից մեկը: VLT (Very Large Telescope — «Շատ մեծ աստղադիտակ») աստղադիտակի օգնությամբ նրանց հաջողվել է հայտնաբերել մի աստղ, որն իր տրամագծով 1300 անգամ գերազանցում է Արևի տրամագիծը:
Երկնային մարմինը գրանցվել է V766 Centauri անվան տակ (այն նաև կրում է HD 119796 և HR 5171 անվանումները): Իր չափսերով այն ներառվել է մեր Գալակտիկայի խոշորագույն աստղերի տասնյակում: Բացի այդ, այն խոշորագույն դեղին հիպերհսկան է:
Հիպերհսկաներ են համարվում բոլոր այն խոշորագույն աստղերը, որոնք Հերցշպրունգի և Ռասսելի դիագրամում պատկանում են փայլատակման O դասին: Գերհսկա աստղերից միայն մի քանիսն են կարճատև ժամանակով դառնում դեղին հիպերհսկաներ՝ սեփական կենսական շրջանի ավարտին: Այդ շրջանի ընթացքում հզոր պրոցեսները, որոնք կատարվում են աստղի միջուկի մեջ, արտաքին սահմանների ուղղությամբ տեղափոխում են մեծ քանակությամբ աստղային նյութ, ինչի հետևանքով կրճատվում է երկնային մարմնի խտությունը, և այն հսկայական չափսերի է հասնում:
Իսկ այսպիսի երկնային մարմինների զանգվածը այնքան մեծ է, որ գրեթե մոտ է կրիտիկական սահմանին, ինչպես նաև սև անցքի ձևավորման փուլին: V766 Centauri-ն գտնվում է Երկրից 12 հազար լույսային տարվա հեռավորության վրա: Այն վառ է Արևից գրեթե 1 միլիոն անգամ:


Բացի այդ V766 Centauri-ն կրկնակի աստղ է, այն ունի մի փոքր արբանյակ, որը չափազանց մոտ է գտնվում իրենից. պտտվելով մեծ կենտրոնական աստղի շուրջ (պտույտների ողջ շրջանը կազմում է 1300 օր), այն փաստացի հպվում է աստղի մակերեսին:
Աստղագետները բացատրում են, որ նրա շարժման պատճառով պոկվում են դեղին հիպերհսկայի վերին շերտերը՝ նյութեղենն ուղարկելով շրջակա միջավայր: Այդ էլ հանդիսանում է V766 Centauri-ի սառեցման պատճառը:
Բացահայտումը կատարվել է խոշորագույն աստղադիտակի օգնությամբ, սակայն, աստղագետների խոսքով, մոտ ապագայում աստղը տեսանելի կլինի նաև անզեն աչքի համար՝ վերջինիս չափսերը կայուն կերպով խոշորանում են վերջին 40 տարվա ընթացքում: