Բավ է պառակտվել
20-06-2014 20:33

Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի քան վեց տասնյակ ընկերություններ:
Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում: «Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը: ՏՏ ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը մեծապես կարևորել է ավանդական դարձած ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը Հայաստանի զարգացող բիզնես միջավայրի կայացման գործում, քանի որ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում մասնակից ընկերություններին ոչ միայն ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումը բիզնեսում, այլև նպաստել նորագույն տեխնոլոգիաների տարածմանը, փորձի փոխանակմանը, գործարար միջավայրում համագործակցության խթանմանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է՝ աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ այն ունի առաջընթացի մեծ ապագա: «Կառավարությունը գործնական աջակցություն է ցուցաբերելու մեր երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող այս ոլորտին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետև վարչապետը շրջել է ֆորումին մասնակից ընկերությունների տաղավարներով՝ ծանոթացել նրանց արտադրանքին, ծառայություններին, առաջարկություններին ու նոր գաղափարներին:
Ֆորումին ներկայացված 64 ընկերություններից 13-ն օտարերկրյա են: Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքին մասնակցում է նաև ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը, որը ՌԴ-ում մեծ համբավ ունի և համագործակցում է բոլոր խոշորագույն կազմակերպությունների հետ: Ֆորումի շրջանակներում կկայանա նաև երկու միջազգային համաժողով: Հայ-հոլանդական եւ հայ-ռուսական համաժողովները նվիրված են լինելու ոլորտի համագործակցությանը ու փորձի փոխանակմանը: