22-09-2015 11:11

Ինչպե՞ս անվնաս կոշիկ ընտրել

Բարձրակրունկ կոշիկները միշտ էլ նորաձև են, գեղեցիկ ու գրավիչ: Դրանցով կնոջ քայլվածքն ավելի վստահ, կանացի ու գայթակղիչ է լինում: Սակայն ինչպես ասում են գեղեցկությունը զոհեր է պահանջում, բայց մյուս կողմից արդյոք արժե մշտապես լինել գեղեցիկ սեփական անհարմարության ու առողջության հաշվին: Բարձր կրունկներ հագնելիս կոնքն առաջ է գալիս, որի պատճառով մեջքն ավելի է կորանում՝ հանգեցնելով ողերի խախտման: Նման կոշիկները կարող են նաև երակների լայնացման պատճառ դառնալ:
Այսպիսով հասկանանք թե կոշիկների այս կամ այն տեսակն ինչ ազդեցություն կարող է ուենանլ մեզ վրա:

«Սուրսայր» բարձր կրունկներ
Այս կրունկով կոշիկը բոլորովին հուսալի չէ, նույնիսկ եթե կոշիկի կաղապարն անթերի է, կրնկամասը ամուր է, և առաջին հայացքից կոշիկը վստահություն է ներշնչում: Սակայն այս կարգի կոշիկների վրա մարմնի կշիռն անհավասարաչափ է բաշխվում, ինչի հետևանքով էլ, բացի «ուղղակի բարձր կրունկների» առաջացրած խնդիրներից, լինում են նաև այլ կարգի անցանկալի հետևանքներ՝ կոշտուկներ, ոտքերի այտուցվածություն:

Բարձր պլատֆորմ
Ոտնաթաթի աշխատանքի արդյունքում (շարժումը կրունկից տեղափոխվում է դեպի ոտնաթաթ) կարգավորվում է մի շարք ներքին օրգանների աշխատանքը՝ սիրտ, երիկամներ, լյարդ: Պլատֆորմով կոշիկներ հագնելիս ոտնաթաթը «պարապության է մատնվում», և փաստորեն ներքին օրգանները զրկվում են իրենց աշխատանքը խթանող արտաքին ազդակից: Դրա հետ մեկտեղ, ոտնաթաթի կամարը պահող մկաններն ու ջլերը նույնպես զրկվում են կծկվելու-թուլանալու հնարավորությունից, վատանում է արյան շրջանառությունը, իսկ դա բավականին հիմնավոր պատճառ է ժամանակի ընթացքում արթրոզի զարգացման համար:

Սուրքիթ կոշիկներ
Հաճախակի սուր քթով կոշիկներ հագնելու հետևանքով թե՝ տղամարդկանց և թե՝ կանանց մոտ կարող է լայնակի հարթաթաթություն զարգանալ: Եվ ոչ միայն: Մատների վրա ի հայտ են գալիս տգեղ, հիվանդագին կոշտուկներ, որոնք հնարավոր է հեռացնել միմիայն վիրահատական միջամտությամբ:

Տափակ կրունկներ
Տափակ կրունկներով կոշիկները զրկված են վերհակող, զսպանակավոր ֆունկցիաներից, ինչը նույնպես կարող է ժամանակի ընթացքում հարթաթաթություն առաջացնել:
Այսպիսով News.gisher.ru-ն հարկ է համարում նաև նշել, թե առողջության համար անվնաս և օրինակելի կոշիկն ինչպիսի տեսք պետք է ունենա: Նախ դրա կրունկը պետք է լինի կայուն, 4 սմ-ից ոչ բարձր: Կոշիկի քիթը պետք է լինի կլորավուն կամ ուղղանկյունաձև, որպեսզի ոտքի բոլոր մատները ազատ և հանգիստ լինեն: Ուշադրության է արժան ոտնամանի կրնկամասն, այն պետք է չափավոր ամուր լինի, որպեսզի չհարի ու չսեղմի կոճերը, ինչպես նաև՝ չճնշի կրունկը: Եվ վերջում, ցանկալի է, որ կոշիկները լինեն բնական կաշվից:

Տաթև Առաքելյան