Բավ է պառակտվել
04-03-2015 10:22

ՀՀ գյուղատնտեսության նախարար ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին: 
Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-չինական հարաբերությունները նոր լիցք կստանան: 
Հանգամանորեն անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը` նախարարը մասնավորապես նշել է, որ մեր երկրի անկախացումից հետո Չինաստանի կառավարությունը տեխնիկակական մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսությանը: 
«Մենք շահագրգռված ենք դեպի չինական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ», – նշել է իր խոսքում Սերգո Կարապետյանը` գոհունակությամբ հավելելով, որ հատկապես կոնյակի և գինու արտահանման ծավալներն օրըստօրե մեծանում են:

Հանդիպման ընթացքում նախարարը նաև առաջարկել է քննարկել Հայաստանում կոոպերատիվների չինական մոդելի ներդրման հնարավորությունը: 
Դեսպան Տյան Էրլունն իր հերթին նշել է, որ հետաքրքրված է գյուղատնտեսության և հատկապես պարենային անվտանգության ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ և պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնմանը: 
Հանդիպմանը նախարարն առաջարկել է Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի կողմերին ծանոթանալ երկու երկրներում թողարկվող պարենային ապրանքատեսակներին, ինչպես նաև խթան կհանդիսանա գործարար կապերի աշխուժացման և նոր ներդրողների ներգրավման համար: 
Որպես երկու երկրների միջև ագրարային ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղղություններ` կողմերն առանձնացրել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ջերմատների կառուցումը, հակակարկտային ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, ինչպես նաև համագործակցության խթանումը գիտական և խորհրդատվական ոլորտներում: 
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր չինացի գործընկերոջը փոխանցել 2015 թվականին Հայաստան այցելելու հրավերը: