16-11-2016 15:48

Ձերբակալվել է Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը

Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը՝ «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտը կառուցելիս ավելի քան 50 միլիոն ռուբլու յուրացման քրեական գործի շրջանակներում: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից:

Հետաքննության տվյալով՝ գումարը հափշտակվել է 2014 թվականին «ՏԴՄ» բաժնետիրական ընկերության հետ «Տրանսստրոյ» ինժինիրինգային կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր կապալառուի հետ ֆուտբոլային մարզադաշտի լուսատախտակի մատակարարման պայմանագիր կնքելիս:

Քննիչները պարզել են, որ հենց փոխնահանգապետն է, ղեկավարելով Կրեստովսկի կղզում մարզադաշտի շինարարությունը, ապահովել «ՏԴՄ» բաժնետիրական ընկերության՝ որպես ենթակապալառուի ապօրինի ներգրավումը: Այնուհետև պաշտոնյան կազմակերպել է այդ բաժնետիրական ընկերությանն ավելի քան 50 միլիոն ռուբլի գումարի կանխավճարի փոխանցումը, որը հափշտակվել է «մեկօրյա» ֆիրմայի միջոցով:

Ավելի վաղ հետաքննությունը բացահայտել է Պետերբուրգի վարչակազմի շինարարական կոմիտեի նախկին առաջին փոխնախագահ Ալեքսանդր Յանչիկի առնչությունը գործին, որն ստորագրել է կանխավճարների փոխանցման փաստաթղթերը, նաև Գրիգորի Պոպովի առնչությունը, որն իրականացրել Է «ՏԴՄ» ընկերության իրական ղեկավարումը:

Հայտնի են նաև հանցակիցների անունները: Նրանք են Ելենա Կովալյովան և Արտյոմ Կուսպիցը: