Բավ է պառակտվել
03-04-2014 13:02

Փաստորեն ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքը մինչև սեպտեմբերի 30-ն ուժի մեջ է մնալու

ՀՀ կառավարության այսօրվա նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքային խումբ կստեղծի, որը կզբաղվի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծ նախապատրաստելով: Աշխատանքային խմբում ներկայացված կլինեն շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, որոնք օրինագիծ կներկայացնեն ԱԺ-ին, որտեղ հաշվի կառնվեն Սահմանադրական դատարանի որոշման դրույթները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ դա բացառիկ հնարավորություն է քաղաքացիական հասարակության համար կառավարության հետ միասին մասնակցել օրենսդրական փոփոխությունների մշակմանը՝ նպատակ ունենալով բարելավելու գործող համակարգը:  ՛՛Օգտվելով այս բացառիկ հնարավորությունից, դիմում եմ քաղաքացիական հասարակությանը, բոլոր այն ակտիվիստներին, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահել կուտակայինը, աշխատել՝ հանուն ավելի լավ օրենսդրության, որը հաշվի կառնի ՍԴ ընդունած որոշումը: Մենք ակնկալում ենք երկխոսության սկիզբ և օրենսդրության կատարելագործում՛՛,-ասելլ է վարչապետը: Աշխատանքային խմբում կընդգրկվեն Արդարադատության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները: «Քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների համար «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ուժի մեջ է մնում մինչեւ սեպտեմբերի 30-ը, երբ կկատարվեն փոփոխությունները»,-հավելեց վարչապետը: Նշենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Այս առնչությամբ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հայտարարել է հետեւյալը. «Մինչեւ սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է, եւ քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները»: