Բավ է պառակտվել
18-06-2014 15:05

Ի վերջո կթանկանա՞ էլեկտրաէներգիայի սակագինը

Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հասարակությունը դեռևս չի մարսել, անցյալ տարվա թանկացման հետ դեռևս չհարմարված, հարվածում է երկրորդը, ըստ քաղաքական ուժերի քննարկումների և կարծիքների՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կրկին կթանկանա: Որքանո՞վ է սա արդարացվում, ունենք էներգիա ստանալու սեփական ռեսուրսը, սակայն դրա դիմաց վճարում ենք բավականին թանկ: Սա բավական չէ, նշվում է, թե այս թանկացումը վերջինը չի լինելու: Այս թանկացումներն անթույլատրելի են, քանի որ ավելանում է սոցիալական բեռը: Նման կարծիքի է ՛՛Հասարակական պաշտպանների միության՛՛ գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը: Ըստ նրա եթե այս անգամ հասարակությունը լռի ու չպայքարի՝ կթանկանա ոչ միայն էլեկտրաէներգիան, այլև այլ ծառայությունները:
Gisher.news-ի հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ բաշխիչ ցանցերը պարզապես իրավունք չունեն պարտքեր կուտակելու: Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու համար անհրաժեշտ է 20 մլրդ դրամ: Սա անթույլատրելի է, նշում է Գրիգորյանը և ասում, որ պետության կուտակած պարտքերն այսօր փակում է ժողովուրդը:

Նշենք, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Օրինաց Երկիր կուսակցությունը ցանկություն է հայտնել դատարանով վիճարկել Հանրային ծառայությունների հանձնաժողովի կողմից ձևավորած սակագները: Ըստ Գրիգորյանի իրենք այսօր փորձում են ակտիվորեն պայքարել առկա թանկացումների դեմ, ուստի ցանկացած ուժի նախաձեռնություն միայն գովելի է:
Իսկ ծրագրավորող Գևորգ Սանոյանը նշեց, թե այսօր հստակ տեսլական և քայլեր են հարկավոր այն հարցի շուրջ, թե կառավարությունն ինչ քայլեր կձեռնարկի այլընտրանքային էլեկտրաէներգիա ունենալու հարցում: Ըստ բանախոսների հարկավոր է թանկացումների դեմ միասնական դիրքորոշում ունենալ, այս անգամ պայքարը պետք է ուժեղ լինի, պահանջը մեկը. վերջ տալ թանկավցումներին, որպեսզի մարդիկ կարողանան ապրել ոչ միայն մի կտոր հացով: