Բավ է պառակտվել
01-05-2014 13:20

Հայաստանի գործատուների միությունը դեմ է փոքր և միջին բիզնեսին ուղղված հավելյալ բեռին

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ դեմ է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններին:Ըստ նրա էկոնոմիկայի նախարարություներից միությանը փոխանցված օրինագծում առաջարկվում է հարկի տարեկան շրջանառության շեմը ներկայիս 58,35 մլն դրամի փոխարեն 30 մլն դրամ դարձնել, որից վեր ընկերությունները ԱԱՀ-ով եւ շահութահարկով պետք է հարկվեն:

«Այդպիսով ձեռնարկատերերի մեծ մասը ընդհանուր հարկային դաշտում կհայտնվեն: Իսկ մենք չպետք է մոռանանք, որ թեկուզ ՀՆԱ-ում փոքր բիզնեսի կշիռը մեծ չէ, սակայն աշխատանքի շուկայում գերակայությունը հենց այդ հատվածի, եւ ոչ` խոշոր բիզնեսի կողմն է: Այդ իսկ պատճառով մենք միանշանակ դեմ ենք փոքր եւ միջին ձեռնարկատերերին ուղղված հավելյալ բեռին»,- հայտարարել է Մակարյանը:

Հիշեցնենք, որ 2013թ.-ից գործող շրջանառության հարկը շահութահարկի 20 տոկոսից նկատելիորեն ցածր դրույքաչափեր է նախատեսում: Առեւտրային եւ արդյունաբերական սուբյեկտների համար հիշյալ հարկը վաճառքից 3,5 տոկոս է կազմում, իսկ անշարժ գույքի վարձակալությունից` 10 տոկոս: