Բավ է պառակտվել
13-02-2014 16:00

Հակոբ Հակոբյանը նշում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի կարևոր դրույթները

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ի նպաստ ժողովրդի է. ՛՛Ճիշտ է, այսօր նրանց աշխատավարձերից պահումներ են արվում, բայց դա իրենց վաղվա բարեկեցիկ կյանքի համար է՛՛:

Նա նշեց, որ այս համակարգով մարդկանց գրպանին ՛՛խփել են ՛՛ ո՛չ թե իրենց համար, այլ՝ մարդկանց:
՛՛Եթե այդպես ասեք, ուրեմն մենք պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել, որովհետև համահավասար փոխանցում ենք գումար նաև պետական բյուջեից՛՛:
Ըստ բանախոսի, իրենք այդպես են անում, որ խնայեն ու այսօրվա 40 հազար դրամ թոշակի փոխարեն, մարդիկ ստանան 80 հազարը:
Պատգամավորն ասաց նաև, որ ինքն էլ չի օգտվել կենսաթոշակային համակարգի կամավոր սկզբունքից, որովհետև ինքն էլ շատերի նման չի մտածել վաղվա թոշակի մասին: Իսկ եթե դառնա 63 տարեկան և ստանա 40 000 դրամ կենսաթոշակ, կփոշմանի՝ այն ժամանակ չմտածելու համար:
Լրագրողների հարցին, թե Հակոբ Հակոբյանը կարո՞ղ է թվարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետության 3 կարևոր կետ, վերջինս պատասխանեց. «Առաջինն այն է, որ դուք կստանաք բարձր կենսաթոշակ, երկրորդը՝ հավաքված գումարները կծառայեն քո երկրի տնտեսությանը, ըստ դրա էլ աշխատատեղերով կապահովվեն շատ քաղաքացիներ։ Եվ երրորդ՝ կլինեն լրացուցիչ միջոցներ՝ երկիրը զարգացնելու համար»: