Բավ է պառակտվել
07-06-2014 14:21

Էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի բնակչության աղքատացմանը. Մ. Մելքումյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ եթե «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ֆինանսական խնդիրներ ունեն, ապա այն չպետք է լուծվի բնակչության և տնտեսվարող սուբյեկտների հաշվին: Նա հիշեցրեց, որ երբ նախորդ տարվա հուլիսին ավելի քան 25%-ով թանկացավ էլեկտրաէներգիան, բացատրվեց գազի թանկացմամբ:

«Այս թանկացումը, որը իր նախաձեռնությամբ առաջարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, տեսնում ենք, որ սպասվում է 10%-ի թանկացում: Սա նշանակում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 40%-ով թանկանում է էներգիան: Սա անընդունելի է, բայց փորձեմ բացատրություններ տալ: ՀԷՑ-ը այսօր գրեթե սնանկ է, նրա ակտիվները կազմում են շուրջ 250 մլն դոլարի չափ, իսկ պասիվները, այսինքն՝ պարտավորությունները, 240 մլն-ից ավելի»,- նշեց նա:

Միքայել Մելքումյանը բացատրեց, որ ՀԷՑ-ը սովորաբար պետք է ձեռք բերի ամենաէժան էլեկտրաէներգիան, այսինքն՝ ատոմակայանի արտադրանքը, դրանից հետ ՀԷԿ-երի արտադրանքը, վերջում միայն ՋԷԿ-ի:

«Անցած տարի ատոմակայանը 4 ամիս կանգնեց պլանային ստուգումների՝ 20 օրվա փոխարեն։ Տարին ջրառատ չէր, ՀԷԿ-երի արտադրանքը շատ չէր, ստիպված ամենաթանկ արտադրանքն է գնել ՋԷԿ-երի արտադրած էներգիան: ՀԷՑ-ի վիճակն այնքան վատացավ սրա հետևանքով, որ ՀԾԿ-ն հայտարարեց, որ անհրաժեշտ է 20 մլրդ դրամ: Եթե հաշվենք, որ տարեկան արտադրում ենք 7 մլրդ կիլովատ էներգիա, եթե դա բազմապատկենք իրենց առաջարկած հավելյալ 4 դրամով, մոտավորապես կստանանք իրենց պահանջած գումարը»,-ասաց նա:

Էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի բնակչության աղքատացման և էլեկտրաէներգիայի սպառման ծավալների նվազման:

Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյային կբարձրացվի էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: