Բավ է պառակտվել
31-03-2014 16:09

Էս ձյան պատճառով էլի սոված մնացինք. գյուղացին անելանելի վիճակում է, բերքն էլ՝ ավերված

Երեկ հանրապետության տարածքում անսպասելիորեն առատ ձյուն տեղաց: Նշենք, որ եղանակային կանխատեսումների համաձայն ցրտահարություն էր սպասվում, գյուղացիներին զգուշացվել էր, որ պատրաստվեն ծխահարման, որպեսզի հնարավորինս բերքը պահպանվի. ՛՛Բայց ի՞նչ ծխահարում, անցյալ տարի կարկուտը տունս քանդեց, էս տարի էլ ձյունը, սենց ասեմ, ծիրանի, դամբուլի ու գիլասի բերքը ամբողջովի ավերվեց, հավանաբար մի քիչ գիլաս կլինի, են էլ մեր ուտելու:՛՛,- gisher.news-ի հետ զրույցում, բավականին հուզված ու սրտնեղած պատմեց Արմավիրի շրջանի Շենավան գյուղի բնակիչ Սուրեն Ասլանյանը:

Նրանց հինգ հոգանոց ընտանիքում ոչ ոք չի աշխատում, երեք անչափահաս երեխաների պահելու միակ հույսը ամեն տարի կապվում է առատ բերքի հետ: Ողջ տարին տանջվում են, իսկ երբ պիտի օգտվեն ու որոշակի շահույթ ստանան՝ կարկուտը սկսում է ՛՛ծեծած տեղը ծեծել՛՛:
՛՛Անցած տարի կարկուտն էր, ես տարի ձյունը, ետ մի քանի ժամվա ձյան պատճառով իմ մի տարվա սպասելիքները ջուրը ընկավ՛՛,-նշեց պարոն Սուրենը և հավելեց, որ անգամ չի էլ պատկերացնում, թե հետո ինչ է անելու, ինչով են ապրելու:

Նշենք, որ Արարատյան հարթավայրն ամենախոցելին է եղանակային անակնկալենրի հանդեպ, քանի որ այստեղ սովորաբար տաք է լինում, հատկապես բալենին ու ծիրանենին սկսում են շուտ ծաղկել, իսկ ահա վրա հասած քամին, կարկուտն ու ձյունը միանգամից ոչնչացնում են ծաղիկները ու այդպիսով բերք չի լինում:
Իսկ ահա Արագածոտնի ու Կոտայքի մարզերում վնաս չի հասցվել, քանի որ ցուրտ եղանակի պատճառով ծաղիկները չէին ծաղկել, այս առումով գյուղացին շահել է: Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ Աշոտը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղում մշտապես ցուրտ է լինում, անգամ ամռան սկզբին իրենց մոտ ՛՛աշուն է՛՛:

՛՛Պատկերացրեք, մեր Սոլակում ծիրանը հուլիսի վերջին է լինում, այդ իսկ պատճառով ցրտահարությունները կամ ձյունը մեզ չի վախեցնում՛՛,-նշեց պարոն Աշոտը ու հավելեց, որ իրենց գյուղում ձյունը սովորական երևույթ է, ամռան սկզբին նոր միայն, իրենք վայելում են արևի շողերը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Արմավիրի մարզում տեղաց կարկուտ, որը կրկին սնանկացման եզրին կանգնեցրեց գյուղացիներին: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական էր ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում, մասնավորապես, նշված էր. «Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013 թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով»: Իսկ ահա այս տարվա ավերածություններից հետո դեռևս կոնկրետ հաշվարկներ չեն արվել:Բայց ըստ հաշվարկների ծիրանի բերքի 90 տոկոսը ոչնչացվել է, իսկ ծիրան արտադրող ֆերմերները հսկայական վնասներ են կրել: Էլ չենք խոսում խեղճ գյուղացիների մասին, որ ոչ մի տեղից օգնության հույս չունեն. ՛՛Մեր միակ հույսը ՀՀ Կառավարությունն է, որ սովամահ չլինենք՛՛,-մեզ հետ զրույցում նշեց Շենավանի բնակիչ՝ Սուրենը:

Սյուզի Ասատրյան