Բավ է պառակտվել
01-02-2014 16:27

Արթուր Բաղդասարյանը Աստված է կանչում, որպեսզի ՛՛Որոտանի ՀԷԿ-երի՛՛ վաճառքի նման գործարքներ շատ լինեն

 Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անրադառնալով  Ռ. Քոչարյանի հավանական վերադարձին, նշեց, որ այդ քայլը չի բացառում:

«Հնարավոր է Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, այս հարցի պատասխանը պետք է ստանալ նախևառաջ Ռոբերտ Քոչարյանից, ես բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն։ Դա նրա դիրքորոշումն է։ Այսօր ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն»,- հավելեց Բաղդասարյանը և ասաց, որ երկրի նախկին նախագահերը իրավունք ունեն երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեսակետներ ունենալու։

Քոչարյանի տեսակետները Բաղդասարյանը բաժանում է երկու մասի՝ բովանդակային ու քաղաքական.

«Բովանդակային հարցադրումների բովանդակային պատասխանը պետք է տան կառավարության ներկայացուցիչները, ու այս դեպքում, կարծես թե, տվել են, իսկ եթե չի բավարարում, ուրեմն պետք է շարունակել»,- ասաց նա:

Իսկ ահա ՛՛Որոտանի ՀԷԿ-երի համալիրի՛՛ վաճառքի վերաբերյալ Արթուր Բաղդասարյանը բավականին դրական կարծիքի է.

«Որոտանի ՀԷԿ-ի գործարքը փայլուն տնտեսական գործարք է։ Այսօր 180 մլն ներդրում կատարել հայաստանյան տնտեսության մեջ ես սա համարում եմ մեծ ձեռքբերում։ Տա Աստված, որ նման ներդրումներ ավելի շատ լինեն Հայաստանում։ Ես կոնկրետ նման գործարքների կողմնակիցն եմ»,- ասաց նա։

Բաղդասարյանը ներքաղաքական դաշտը բաժանեց երեք խմբի։ «Առաջին իրենց այլընտրանք հռչակող քաղաքական ուժերն են, դրանք ԲՀԿ-ն է ու ՀՅԴ-ն են, որոնք իշխանական լծակներ ունեն պետական կառավարման համակարգում։ Նրանք հանդես են գալիս հայտարարություններով և իրենց շուրջ են հավաքում կառույցներին ու հոսանքներին»,- ասաց նա։ Երկրորդը, ըստ նրա, ընդդիմությունն է, որը ձևավորման փուլում է։ «Ամեն մի իշխանությանն անհրաժեշտ է լավ ընդդիմություն»,- ասաց նա։ Եվ երրորդն իշխանությունն է՝ Հանրապետական կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր՝ Օրինաց երկիրը։

Բաղդասարյանը անդրադարնալով ԲՀԿ-ի հետ ունեցած ընդհարմանը՝ նշեց, որ իրենց «ոչ ոք չի «բարիշացրել», քանի որ իրենք պատերազմի մեջ չեն էլ եղել»։

«Խոսակցություն է եղել, անցել գնացել է, դրանից հետո հանդիպել, խոսել ենք։ Մենք երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ենք տևական ժամանակ ճանաչել ենք, դաշնակիցներ ենք եղել, կոալիցիայի մեջ ենք եղել, անգամ իրար հետ աղ ու հաց ենք կիսել, ինչ ասվել է, անցել գնացել է»,- հավելեց նա։