15-11-2017 14:00

Հայաստանի խորհրդարանը քննարկում է 2018 թ. պետբյուջեի նախագիծը

Այսօր, նոյեմբերի 15-ին հայ խորհրդարանականները սկսել են 2018 թ. պետբյուջեի նախագծի քննարկումը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնելով պետբյուջեի հիմնական ցուցանիշները, նշել է, որ ծախսերն ու եկամուտները կաճեն ՝ պակասուրդի կայուն չափի ֆոնին: Նրա խոսքերով 2018 թ. պետբյուջեի եկամուտների համախառն ծավալը նախատսված է 1 տրիլիոն 307 մլրդ դրամի չափով, ծախսերինը` 1 տրիլիոն 464,2 մլրդ դրամի, իսկ պակասուրդը նախատեսված է 156,8 մլրդ դրամի չափով:
«2018թ. պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը կաճեն գրեթե 100 միլիարդ դրամով, սակայն պակասուրդը կմնա նույն մակարդակին: Մենք գտնում ենք, որ պակասուրդի նման ցուցանիշը ներկա պայմաններում մեր երկրի համար ադեկվատ է, քանի որ ներկայումս մեր հիմնական խնդիրը պետական պարտքի կայունության ձևավորումն ու միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում համապատասխան «անվտանգության բարձիկների» ձևավորումն է»,- ասել է Արամյանը:
Ինչ վերաբերվում է ծախսերին, ապա նրա խոսքերով իշխանությունները ելնում են տնտեսության հնարավորություններից, և զերծ են մնում ավելի ծանր վարչարարական լծակներ կիրառելուց՝ տնտեսության վրա հավելյալ ճնշում չգործադրելու համար:
Նախարարի խոսքերով, 2018թ. 100 միլիարդ դրամի չափով եկամուտների աճը մեծամասամբ նախատեսված է հարկային հոսքերի, որոշ ոլորտների արդյունավետ գործունեության, ինչպես նաև հարկային ոլորտում պետական քաղաքականության վարչարարության բարձրացման միջոցով:
Ընդ որում Արամյանը նշել է, որ եթե 2017թ. պակասուրդը հիմնականում լրացվում էր արտաքին աղբյուրներից ներգրավվող ռեսուրսներով, ապա 2018 թվականին այն նախատեսվում է լրացնել ինչպես արտաքին այնպես էլ ներքին ռեսուրսների հաշվին:
«Մեր նպատակն է միջնաժամկետ հեռանկարում 5% տնտեսական աճ ապահովելը, քանի որ ավելի ցածր ցուցանիշը թույլ չի տա իրականացնել կառավարության առաջ դրված խնդիրները»,- ասել է նա:
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին նշել է, որ 2018թ. պետբյուջեի պակասուրդը կնվազի մինչև 2,7%՝ 2017թ. ծրագրված 3,6%-ի փոխարեն:
Նրա խոսքերով, 2017թ. սկզբից Հայաստանում գրանցվել է տնտեսական աճի բարձր ցուցանիշ, որը պայմանավորված է համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կայունացմամբ:
« Հաշվի առնելով, որ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճ ապահովելու հիմնական գործոնը `արտահանման ավելացումն է, 2018 թվականին կառավարությունը կշարունակի կառուցվածքային բարեփոխումների և տնտեսության աճի բարձր տեմպերի վերականգնման քաղաքականությունը: Նախատեսվում է, որ 2018թ. տնտեսական աճը կկազմի 4,5%, ինչին կնպաստեն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները»,- ասել է Ջավադյանը:
Նա նաև ընդգծել է, որ 2018թ. տնտեսական աճը կախված կլինի նաև արտաքին միջավայրում՝ մասնավորապես ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներից և պղնձի գներից, ինչպես նաև 2017թ. իրականացված ներքին բարեփոխումներից:
Միևնույն ժամանակ նախարարը մատնացույց է արել ներդրումային գրավչության բարձրացմանը, որն ուղղորդվելու է արտահանման ոլորտներում ներդրումների հետևողական խթանմամբ ($1 - 488,03 դրամ):