16-02-2017 12:11

ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը՝ ազատ տնտեսություն ուցեցող 180 երկրների ցանկում զբաղեցնելով 33-րդ տեղը

Համաձայն ամերիկյան « Ժառանգություն» հիմնադրամի (Heritage Foundation) հրապարակած զեկույցի, Հայաստանը 21 նիշով բարելավել է իր դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքս 2017»-ում (Index of Economic Freedom 2017) և այժմ զբաղեցնում է 33- րդ տեղը:
Նոր վարկանշային ցուցակում Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է «համեմատաբար ազատ» (moderately free) երկրների կարգավիճակից անցում կատարել « հիմնականում ազատ» (mostly free) կարգավիճակի:
Նախորդ տարվա վարկանշային ցուցակում Հայաստանը 178 պետությունների ցանկում զբաղեցրել էր 54-րդ տեղը, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 52–րդ տեղը: Եվրոպական տարածաշրջանի 44 երկրների շարքում տնտեսական ազատության մակարդակով Հայաստանը գտնվում է 19-րդ տեղում:
Զեկույցի համաձայն Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվում է 70,3 միավոր (նախորդ տարվա համեմատությամբ 3,3 նիշով ավելի բարձր է):
Heritage Foundation-ում ընդգծում են, որ Հայաստանի տնտեսական հիմքի զգալի դիվերսիֆիկացումը բարձրացրել է տնտեսական դինամիզմը, իսկ տնտեսական ստաբիլ աճի 10 տարիները հանգեցրել են աղքատության և գործազրկության մակարդակի նվազմանը:
Բիզնես ընթացակարգերի դյուրինացումը նպաստել է տնտեսության էֆեկտիվ կարգավորմանը:
« Հայաստանը տնտեսական ազատության շատ առումներում հաջողության է հասել, բայց դատական համակարգի անկախության և կառավարության թափանցիկության ոլորտնելում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը դեռ մնում է»,- ասված է հետազոտության մեջ:
Heritage Foundation վերլուծաբանները գտնում են, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած առաջընթացին, հարկային և մաքսային բաժիններում, քաղաքական և գործարար շրջանակներում առկա հովանավորչությունը շարունակում է մտահոգիչ լինել:
Heritage Foundation հիմնադրամի հաշվետվության համաձայն, ամենից ցածր միավորները Հայաստանը ստացել է « օրենքի գերակայություն» կատեգորիայում, որի մեջ մտնում են « սեփականության իրավունք» (Property Rights ՝ 55,5 միավոր), « կառավարության բարեխղճություն» (Government Integrity՝43,4 միավոր) և « դատական էֆեկտիվություն» (Judicial Effectiveness՝ 42,5 միավոր ) ցուցիչներում:
Չնայած դրան, նախորդ տարվա համեմատությամբ « սեփականության իրավունք» և« կառավարության բարեխղճություն» ցուցիչները զգալիորեն բարելավվել են:
Նախորդ տարվա համեմատությամբ առաջընթաց է գրանցվում նաև «գործարար ազատություն», «աշխատանքի ազատություն», « պետական ծախսեր» ուղղություններում: Միևնույն ժամանակ նվազել են «հարկային բեռ» և « առևտրի ազատություն» ցուցիչների միավորները:
Հետխոսրհրդային պետությունների շարքում « հիմնականում ազատ» երկրների շարքում է ընդգրկվել նաև Վրաստանը , որը վարկանշային սանդղակում զբաղեցնում է 13-րդ տեղը: Միևնույն ժամանակ Ղազախստանը (42), Ադրբեջանը(68) և Ղրղզստանը(89) հայտնվել են « համեմատաբար ազատ» երկրների ցանկում:
Բելոռուսը(104), Տաջիկստանը (109), Մոլդովան (110) Ռուսաստանը (114), Ուզբեկստանը (148) հայտնվել են «հիմնականում անազատ» երկրների ցանկում, իսկ Ուկրաինան (166) և Թուրքմենստանը (170)՝ «բացարձակ անազատ» երկրների ցանկում:
«Տնտեսական ազատության ինդեքս 2017»-ի առաջատարներն են Հոնկոնգը, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան, իսկ դուրս մնացածները՝ Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան:
50-ից պակաս միավոր հավաքած երկրները համարվում են՝ « բացարձակ անազատ», 50-60 միավորի դեպքում՝ «հիմնականում անազատ», 60-70 միավոր՝ « հարաբերական ազատ», 70-80՝ « հիմնականում ազատ», իսկ 80 և ավելի միավորի դեպքում՝ «ազատ»:
«Ժառանգություն» հիմնադրամը (Heritage Foundation) հիմնադրվել է 1973թ՝ իբրև հետազոտական և ուսուցողական կազմակերպություն: Հիմնադրամը ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մեծ քանակությամբ տեղեկատվական և վերլուծական նյութեր է թողարկում՝ շոշափելով տարատեսակ խնդիրներ. սկսած սոցիալականից, վերջացրած՝ հակահրթիռային պաշտպանությունից:
HeritageFoundation-ի հետազոտություններն ու հրապարակումները նվիրված են այնպիսի խնդիրների, ինչպիսին են ահաբակչության դեմ պայքարը, ռազմավարական կայունությունը, միջազգային անվտանգության ռեգիոնալ խնդիրները: Հիմնադրամի գործունեությանը մասնակցում են ամերիկյան անվանի քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ, գիտական համայնքի ներկայացուցիչներ: