19-08-2016 14:36

Պերմյակովի փաստաբանը չի վիճարկել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրանքը

Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը չի վիճարկել իր պաշտպանյալ Վալերի Պերմյակովին ներկայացված` Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրանքը:

Մեղադրյալ Վալերի Պերմյակովը մեղադրվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության համար (104 հոդված, 2-րդ մաս, պարբերություն` 5 եւ 8), ավազակային հարձակման (175 հոդված, 3-րդ եւ 4-րդ մաս), սահմանն անօրինականորեն հատելու փորձի համար (34-329 հոդվածներ, մաս 1-ին):

Փաստաբանը հիշեցրել է, որ մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել սպանության համար եւ դատավարության ընթացքում չի վիճարկել իրեն վերագրվող արարքները: Մեղադրյալ Վալերի Պերմյակովի որոշումն անփոփոխ է մնացել: Հաշվի առնելով, որ փաստաբանը չի կարող հակառակվել պաշտպանյալի կամքին, Էդուարդ Աղաջանյանն իր խոսքում շրջանցեց մեղադրական եզրակացության այդ մասը: Նշենք, որ ամբողջ դատավարության ընթացքում մեղադրյալ Վալերի Պերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալ, միաժամանակ ամբողջությամբ ընդունել է իր մեղքը:

Այնուամենայնիվ, փաստաբանը հիշեցրել է, որ մեղադրյալի աթոռին քսանամյա մարդ է, հուզական, որոշակի հոգեկան խնդիրներ ունեցող:

Փաստաբանը կարծիք է հայտնել, որ դատավարությունն ընթացել է զգալի բացթողումներով, փաստերի հավաքումը լիարժեք չի իրականացվել եւ մեղադրանքը շատ առումներով հիմնված է ոչ թե փաստերի վրա, այլ մեղադրյալի խոստովանության:

Այսպես, դեռեւս անհայտ է, թե ճշգրիտ ինչպես է Պերմյակովը հայտնվել է սահմանի մոտ: Փաստաբանի գնահատականով, ստեղծված պայմաններում պաշտպանությունը քիչ արդյունավետ է, որովհետեւ քննչական մարմինը չի կարողացել գրագետ ձեւակերպել ստացված փաստերը կամ էլ դիտավորյալ մոլորության մեջ է գցում:

Էդուարդ Աղաջանյանը հիշեցրեց, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի միակ անդամ երկրի հետ սահմանը պաշտպանվում է ուժեղացված ռեժիմով: Հետաքննության տվյալներով՝ Պերմյակովը մոտեցել է սահմանին, տաքացել կրակի մոտ, անցել կամուրջի տակ, հետո վերադարձել: Նրա խոսքով՝ քննչական մարմինը, ըստ երեւույթին, ինքը հասկանալով դրա անհեթեթությունը, չի զարգացրել միտքը. «Նման պայմաններում քննչական մարմինը նախկինում սահմանի անմիջական մոտակայքում չեղած Պերմյակովին մեղադրել է այն բանում, որ նա ինչ-որ կերպ հատել է վերահսկողության գոտին, կրակ վառել եւ այլն»: Փաստաբանի խոսքով, եթե սահմանի պաշտպանությունն այդքան ցածր մակարդակի վրա է, որ վերոնշյալ ամեն բան կարող է պատահել ուժեղացված ռեժիմի պայմաններում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվում սովորական ռեժիմի պարագայում: Փաստացի, ըստ փաստաբանի, ՌԴ ԱԴԾ-ն եւ Հայաստանի ԱԱԾ-ն ի վիճակի չեն իրականացնել սահմանի պաշտպանությունը:

Փաստաբանի խոսքով՝ փաստերը, ընդհակառակը, վկայում են այն մասին, որ Պերմյակովը չի փորձել հատել սահմանը, իսկ սահմանի մոտակայքում լինելն առհասարակ չի նշանակում սահմանի ապօրինի հատման փորձ, այլ տեղանքին ծանոթ չլինելու հետեւանք է:

Ելնելով թվարկածից՝ փաստաբանը միջնորդել է քրեական հետապնդումը դադարեցնել եւ սահմանի ապօրինի հատման մեղադրանքի մասով արդարացնել: Իսկ մյուս մեղադրանքներով համաչափ մեղադրանք նշանակել:

Դատախազ Գեւորգ Գեւորգյանը փաստաբանի գնահատականներին չի համաձայնել:

Մեղադրյալ Վալերի Պերմյակովը հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից: