14-07-2014 09:51

Վարչապետը ներկա է եղել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը

Նախօրեին Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է եղել երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին «Ոսկե ծիրան»-ի անցկացման կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն դարձել է սպասված և կարևոր մշակութային իրադարձություն:

«Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը: Այս տարիների ընթացքում Հայաստան են ժամանել 2000-ից ավելի կինոգործիչներ և արվեստագետներ՝ աշխարհի ավելի քան 120 երկրներից, ինչը փառատոնը վեր է ածել իսկական տոնի: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է՝ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն ավելի քան ճշգրիտ արտացոլում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը՝ իր խնդիրներով և մարտահրավերներով հայ ժողովրդի պատմությունը: Այն վկայում է, որ իր բազմադարյա զարգացման ճանապարհին Հայաստանը մշտապես հանդես է եկել միջմշակութային երկխոսության, կրոնական հանդուրժողականության և ազգերի խաղաղ գոյատևման օգտին՝ առանցքայինը դիտելով մարդուն, մարդու հոգսերն ու ճակատագիրը: Այս համատեքստում է, որ ցանկանում եմ կարևորել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանակությունն ու դերը»,- ասել է վարչապետը:


Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, որ այս տարվա փառատոնը նվիրված է հայազգի մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին՝ մեծ պատիվ է, բայց նաև պարտավորեցնող հանգամանք բոլորիս համար: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ կազմակերպիչները ջանք ու եռանդ չեն խնայի մեծանուն կինոռեժիսորի հարուստ ժառանգությունը պատշաճ ներկայացնելու համար:
«Հարգելի ներկաներ,
Մեր երկրին ու ժողովրդին միշտ էլ բնորոշ է եղել հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Համոզված եմ, որ ձեզ համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի դուք ոչ միայն ծանոթանաք Հայաստանի հարուստ մշակույթին և ազգային ավանդույթներին, այլև ճաշակեք մեր ազգի հյուրընկալությունն ու հյուրասիրությունը»,- նշել է վարչապետը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մաղթել բարի ընթացք:


Իր հերթին, փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեսժիսոր Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ Հայաստանի կառավարության կողմից փառատոնի անցկացմանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: