18-04-2017 18:23

Օպերայի շենքում ռեստորան և սաունա կգործի

Երեքշաբթի օրը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մեկնաբանեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային թատրոնի շենքում ռեստորան և սաունա բացելու վերաբերյալ լուրերը և տվեց բոլոր հարցերի պատասխանները:
Խորտկարան և սաունա օպերայում
Հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին շրջանում բուռն քննարկումների առարկա է դարձել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունն այն մասին, որ մոդերնիզացման ծրագրի շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային թատրոնի շենքում ռեստորան և շոգեբաղնիս է բացվելու: Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ ռեստորանը լինելու է մի վայր, որտեղ օպերայի կամ բալետի հանդիսատեսը կկարողանա յուրահատուկ թատերական մթնոլորտում մեկ գավաթ շամպայն խմել, իսկ շոգեբաղնիսները նախատեսված են լինելու արտիստների համար՝ իրենց լավ մարզավիճակում պահելու նպատակով:
Նախարարի այս հայտարարությունը չէր էլ հասցրել արտահոսել ԶԼՄ-ներ, երբ սկսեցին շշուկներ պտտվել՝ ռեստորանը փոխակերպվեց հայկական ավանդական ուտեստներով՝ խորովածով ու քյաբաբով խորտկարանի, իսկ արտիստների համար նախատեսված շոգեբաղնիսը՝ սաունայի՝ բոլոր ցանկացողների համար:
Շամպայն՝ ընդմիջմանը
Երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ամիրյանն ընդգծել է, որ ռեստորան և շոգեբաղնիս ստեղծելու վերաբերյալ Մշակույթի նախարարության մտադրությունները որևէ կերպ չեն փոփոխվել:
« Պարզապես ես պերք է կոչ անեմ հայ հասարակությանը փոխել «ռեստորանի» և «շոգեբաղնիքի» ընկալումը, և չշփոթել դրանք «բիստրոյի» և «սաունայի» հետ: Ես շատ եմ խնդրում դրանք չխառնել այն ծրագրերի հետ, որոնք մենք մտադիր ենք իրագործել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային թատրոնի շենքում»,- ասել է Ամիրյանը:
Նախարարի կարծիքով անհրաժեշտ է հասարակության մեջ փոխել «ռեստորան»-ի ընկալումը, և դա չկապել այն ուտեստների հետ, որոնք շրջանառվում են սոցկայքերում(խորոված, քյաբաբ):
« Ես հասկանում եմ, մարդիկ ինչ տեսել են, դա էլ պատկերացնում են: Բայց մենք ուզում ենք նոր մշակույթ մտցնել, որը մեր իրականության մեջ դեռևս չկա, բայց որը շատ կարևոր և անհրաժեշտ է: Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք հիմնվում ենք միայն մեր պատկերացման, և ո՛չ թե այն իրականության վրա, որ ողջ աշխարհում մարդիկ միանգամայն այլ մթնոլորտում են հաճախում օպերա: Մեր հասարակությունն արժանի է, որ հաճելի միջավայրում երեկոներ անցկացնի: Աշխարհի շատ երկրներում արհեստական անտրակտներ են ստեղծում միայն այն բանի համար, որ այցելուները հնարավորություն ունենան մեկ գավաթ շոմպայնի շուրջ շփվել միմյանց հետ»,- ասել է Ամիրյանը:

Ֆինանսները ռոմանսնե՞ր են երգում
Միևնույն ժամանակ նախարարը խնդրել է տվյալ նախաձեռնությունը չկապել թատրոնների ֆինանսավորման խնդրի հետ:
« Այսօրվա դրությամբ մշակույթի բոլոր օջախները նորմալ ֆինանսավորվում են, և տվյալ նախաձեռնությունը ուղղված է ոչ թե միջոցներ աշխատելուն, այլ միջավայր ստեղծոլուն, որպեսզի հանդիսատեսը գա ներկայացում դիտելու, և հենց խաղացանկով է, որ մենք պետք է հանդիսատես և միջոցներ գրավենք»,- ասել է Ամիրյանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս տարի արդեն Օպերայի թատրոնի խաղացանկը զգալիորեն փոփոխվելու է և համալրվելու նոր բեմադրություններով:
« Տարվա ընթացքում օպերայի բեմում կներկայացվի հինգ բեմադրություն, որոնք մենք գնել ենք եվրոպական տարատեսակ թատրոններից, և որոնց համար Հայաստան Եվրոպայից մասնագետներ և բեմադրողներ են հրավիրվել»,- ասել է Ամիրյանը:
Ինչ վերաբերվում է բուն Օպերայի թատրոնի կոլեկտիվի ներսում առկա հակասություններին,ապա նախարարի կարծիքով նոր տնօրեն Կոնստանտին Օրբելյանը կարողացել է լուծել այդ հարցերը: Միևնույն ժամանակ գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հակասությունները բնորոշ են ցանկացած ստեղծագործ կոլեկտիվի:
Օպերան լրացված իրականության մեջ
Նախարարի խոսքերով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային թատրոնը նաև տեխնիկական սարքավորումներ կստանա:
« Մենք բազմաթիվ կարևոր քայլեր ենք ծրագրել և իրականացրել, այդ թվում նաև բեմի վերևում էլեկտրոնային ցուցատախտակ ենք տեղադրել՝ սինքրոն թարգմանության համար, որի վրա հնարավոր կլինի կարդալ օպերայի ենթագրերը ինչպես հայերենով, այնպես էլ այլ լեզուներով, ինչը մեր ժամանակակից արվեստը հասանելի կդարձնի նաև զբոսաշրջիկների համար»,- նշել է Ամիրյանը:
Բացի այդ, նրա խոսքերով, այս տարի Օպերայի և Բալետի Ազգային թատրոնն իր բեմադրությունները ներկայացնելու է վիրտուալ իրականության դեկորացիաներով:
« Փաստացի, թանկարժեք, ծավալուն և բարդ դեկորացիաների փոխարեն մենք կունենանք վիրտուալ դեկորացիաներ, որոնք կիրառվում են համաշխարհային շատ հայտնի թատրոններում: Վիրտուալ դեկորացիաները թույլ կտան բեմի համար ստեղծել ճոխ ձևավորումներ՝ ցանկացած բեմադրության համար»,- ասել է Ամիրյանը:
Օպերա գնալ ջինսերո՞վ, թե՞ երեկոյան զգեստով
Ինչպես կարծում է նախարարը, հենց մթնոլորտի փոփոխությունը հետզհետե թույլ կտա վերափոխել շինության ողջ տեսքը՝ սկսած ենթակառուցվածքներից՝ վերջացրած այցելուների արտաքին տեսքով:
« Դա թույլ կտա անել այնպես, որպեսզի օպերա գան ոչ թե ջինսերով, այլ համապատասխան զգեստներով, բայց դրա հետ հանդերձ այդ ամենը հարկադրաբար չի արվելու, որպեսզի այցելուներն իրենք ցանկանան իրենց հանգիստը անցկացնել օպերայում, հաճելի միջավայրում»,- ասել է Ամիրյանը, ընդգծելով, որ հայ հասարակությունն արժանի է լավ մթնոլորտով և բեմադրություններով Օպերայի թատրոն ունենալ:

Մնում է հուսալ, որ Օպերայի այցելուների իմիջի փոփոխությունը դեպի լավ կողմ կլինի, և ոչ թե հակառակը: Հաշվի առնելով այն, թե ինչ աշխատավարձ են ստանում արտիստներն ու մշակույթի գործիչները, կարելի է ենթադրել նաև, թե ովքեր են լինելու ռեստորանային նորարարության մշտական այցելուները: