31-07-2017 16:27

Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Գինեսի ռեկորդների գրքի գրանցման համաշխարհային կոմիտեն հաստատել է հայ հայտնի ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանի ռեկորդը:
2017 թ. փետրվարի 11-12 -ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Մադոնը 33 ժամ (յուրաքանչյուր ժամը մեկ՝ 5 րոպե ընդմիջումով) անընդմեջ կատարել է համաշխարհային գանձարանի 59 հայտնի երաժշտական ստեղծագործություն, այդ թվում նաև Կոմիտասի գործերից:
«Հուլիսի 25-ին Գինեսի ռեկորդների գրքի համաշխարհային հանձնաժողովը հաստատեց երաժշտական ռեկորդը, որը ես հաստատել եմ Երևանում մի քանի ամիս առաջ»,- գրել է Մադոյանն իր Facebook-յան էջում:
Նա հիշեցրել է, որ արդեն 30 տարի է հանդես է գալիս մեծ բեմերում, այսինքն, նրա ստեղծագործական գործունեությունը հասակակից է Արցախյան ազատագրական շարժմանը: Եվ իր հաղթանակը նա նվիրել է մեծ հաղթանակ տարած ազատամարտիկներին:
« Շնորհակալ եմ նաև իմ հավատարիմ ունկնդիրներին՝ անկախ ազգությունից, այն բանի համար, որ նրանք ինձ ուժ են տվել և անսահման երևակայություն շնորհել»,- գրել է Մադոյանը:
Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973թ. Երևանում: Ուսանել է հայտնի երաժիշտներ Բոգդանյանի, Բրոնի, Ստերնի, Սոլովյովի մոտ: Համերգների է մասնակցել համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժորների և լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ ( Կ. Մազուր, Ռ. Խիկոկս, Ֆ. Բռյուզգեմն, Կ. Աբբադո, Ա. Կաց, Դ. Կիտայենկո, Վ. Գերգիև, Լ. Հագեր, Մ. Բամբերտ, Ռ. Դուֆալո, Ն. Ալեքսեև և այլն):
1988 թ. դարձել է Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում, իսկ 1991թ. ճանաչվել է Գեորգ Կուլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող։
Եվրոպայում Մադոյանն իր առաջին քայլերն արել է Վալերի Գերգիևի ղեկավարած Մարիինյան թատրոնի հետ՝ Շլեզվիգ-Գոլշտեյնեի փառատոնին: Մադոյանի հաջորդ, աչքի ընկնող ելույթներից է նաև «London Mozart Players» կամերային նվագախմբի հետ Գերմանիայով կատարած շրջագայությունը (1996թ., 12 համերգ, դիրիժոր՝ Մատիաս Բամերտ), և Սան Դոնատոյի եկեղեցում Նիկոլո Պագանինիի 24 կապրիսների կատարումը: Նշենք, որ կոմպոզիտորը մկրտվել է հենց Սան Դոնատոյի եկեղեցում (2000թ.) :
Դանիական «Kontrapunkt» ընկերությունում Մադոյանը ձայնագրել է յոթ ալբոմ, որոնց թվում են նաև Սերգեյ Պրոկոֆևի սոնատները, և Էդվարդ Գրիգի Սոնատը, որոնք «The Strad» ամսագրի կողմից նմանատիպ ձայնագրությունների մեջ ճանաչվել են լավագույնը:
Ներկայումս Մադոյանը բնակվում է Գերմանիայում: Հայաստանի անկախության 13- ամյակի պատվին նա արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի պատվավոր կոչման: